«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ օրակարգը նոր Սահմանադրության շուրջ ձևավորվել է միայն այն պահից, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է այդ հարցը։
Վարդանյանի խոսքով՝ նախքան Ալիևի պահանջը, Հայաստանում նոր Սահմանադրության մասին քննարկումներ տեղի չեն ունեցել, և այն այժմ ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ այլընտրանք չունենալու պատճառով։
««Մինչև Ալիևի պահանջը, ձեր օրակարգում չի եղել Սահմանադրության բարեփոխում»,- ասել է Վարդանյանը:
Միրզոյանը, նշենք, պնդել է, թե Հայաստանը և Ադրբեջանը չեն բանակցել և բանակցում ՀՀ-ի Սահմանադրության փոփոխությանը վերաբերելի որևէ հարց:
Քրիստինե Վարդանյանի հարցին պատասխանելիս Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե սահմանադրության փոփոխությունների թեման սկսել են շրջանառել դեռևս 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն գործընթացը դանդաղել է՝ պայմանավորված COVID-19 համավարակով, պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամերով և ներքաղաքական տագնապով, այլ ոչ թե Ալիևի պահանջով. «Այդ թվում նաև իմ նկատմամբ սպանության փորձի պատճառով»:
«Նոյեմբերի 9-ը ձեզ վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չէ, դա ազգային ողբերգության օր է: Եթե ձեզ վրա հարձակվել են, շրջվեք, էն մարդուն, ում հետ ամեն օր շփվում եք, հարցրեք՝ ինչու գործը բացահայտված չէ»,- հակադարձել է Վարդանյանը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները դեռևս ամբողջությամբ լուծված չեն, և խաղաղության հարցում լիակատար հանգուցալուծման մասին խոսելը վաղաժամ է։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հակամարտությունը տևել է տասնամյակներ, խլել բազմաթիվ կյանքեր, իսկ դրա հետևանքներն ու ցավը մինչ օրս մնում են զգալի։ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Բաքվում դեռ պահվում են հայ անձինք, ինչը ևս վկայում է չլուծված հարցերի առկայության մասին. «Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, որ ոչ մի խնդիր չկա, անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, չափազանցություն է»:

Բաց մի թողեք
Մեկ հարց․ Սպառնալ պետք է թշնամուն, այլ ոչ թե սեփական ժողովրդին․ Տիգրան Խզմալյան
Կասեմ պատվիրատուի անունը
Մետրոյի ախտորոշումը