23/03/2026

EU – Armenia

Արձագանքի ամենաճիշտ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը. Փաշինյանը` առաջնորդության մասին

Վերահամոզվել եմ, որ առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված իրադարձությունների շղթայից կամ կանխորոշված ճանապարհից դուրս գալն է, և այդ ուժը, կամքը, այդ վճռականությունն ունենալն է:

Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով առաջնորդության մասին իր մտածումները:

«Ես նկատի ունեմ, որ մենք, այո՛, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից նախ կանգ ենք առել և դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ և կամքով, ու մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի:

Նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ, ահա՛, հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը, որը պիտի առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի»,- ասաց նա: