Մենք կխորտակենք բոլորին, ովքեր դեմ դուրս կգան մեր հավատին, կամքին և ամբողջականությանը: Մենք ոչ մի սպառնալիքի չենք տրվի, մենք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները:
Ինչպես փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականը, մարտի 24-ին նման հայտարարությամբ Ազգային մեծ ժողովում «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության հետ հանդիպմանը հանդես է եկել Դևլեթ Բահչելին:
Նրա և նախագահ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունները Թուրքիայի խորհրդարանում «Ազգային ալյանս» են ձևավորել վերջին ընտրություններից հետո:
Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին, Բահչելին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պետք է մտահոգ լինեն ոչ թե Իրանի, այլ՝ Իսրայելի վարչակազմի փոփոխությամբ»: Նա սուր քննադատության է ենթարկել Նաթանյահուի կառավարությանը, որ «ոտնահարել է ոչ միայն միջազգային իրավունքի, այլև մարդկային բարոյականության բոլոր սկզբունքները»:
Ի թիվս այլոց, Բահչելին վկայակոչել է նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները:
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ «Երուսաղեմը իսլամական քաղաք է, ոչ ոք չի կարող ատնձգություն անել Ալ-Աքսա մզկիթի պատմական ստատուս-քվոյի դեմ, իսկ ովքեր կփորձեն, կդապարտվեն թանկ գին վճարելու թե երկրային, թե երկնային կյանքում»:
Ի վերջո, Բահչելին հնչեցրել է ամենագլխավորը, նա Սիրիայի հարավում մարտի 20-ին Իսրայելի բանակի գործողությունները որակել է «մարտահրավեր Թուրքիային»:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը Իսրայելի հասցեին չափազանց կոշտ, գրեթե վերջնագրային բնույթի հայտարարություններ է հնչեցրել մի փուլում, երբ, եթե տեղեկությունները հավաստի են, Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների միջոցով հասնել պատերազմի ավարտին:
Անկասկած, խոսքը Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվո ձևավորելու մասին է:
Պատերազմից բառացիորեն երկու առաջ Իսրայելի վարչապետը Երուսաղեմում հյուրընկալել է Հնդկաստանի վարչապետին եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ Մերձավոր Արևելքում «շիադավան առանցքի փոխարեն սուննի առանցք չի ձևավորվի»:
Նաթանյահուն ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիային: Այսօր ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցություններ սկսելու հարցում օգտվում է նաև Թուրքիայի միջնորդությունից:
Բահչելին հայտարարել է, որ Թուրքիան «միջազգային գերտերություն լինելու բոլոր հնարավորություններն ունի»: Դա Միացյալ Նահանգներին արված ակնհայտ «զգուշացում» է: Իրանի դեմ պատերազմը բացահայտել է, որ ԱՄՆ-ը «հրաշագործ» չէ:
Թուրքիան, ինչպես և սպասվում էր, բացահայտում է Մերձավոր Արևելքում օսմանյան ժառանգության «սեփականատիրոջ իրավունքը»: Խնդիրը կլուծվի թուրք-իսրայելա-ամերիկյան համաձայնությա՞մբ, թե՞ թուրք-իսրայելական պատերազմով:

Բաց մի թողեք
Ո՞վ է «մասնատում» տարածաշրջանը, Էրդողանը հասցեագրում չի արել
Ադրբեջանը «Միացյալ Նահանգների հետ նույն ճամբարն է ընտրել»
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար