Դանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակենտրոն բլոկը՝ վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի գլխավորությամբ։
Սակայն նրա ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գրանցել է ավելի քան 120 տարվա ընթացքում ամենացածր արդյունքը։
Առաջիկայում սպասվում են կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ։ Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարումը, սակայն ընդգծել է, որ «կառավարության ձևավորումը հեշտ չի լինելու»։
Դանիայի միապալատ խորհրդարանը՝ Ֆոլկետինգը, ունի 179 մանդատ։ Ներկայիս կառավարող կոալիցիայի կազմում ընդգրկված են երեք կուսակցություններ՝ Սոցիալ-դեմոկրատականը, Լիբերալ («Վենստրե») և «Չափավորները»։ Կոալիցիան փոքրամասնություն է՝ ընդհանուր 85 մանդատով, մինչդեռ պարզ մեծամասնության համար անհրաժեշտ է առնվազն 90 մանդատ։ Այն աջակցություն է ստանում նաև չորս տարածաշրջանային կուսակցություններից (յուրաքանչյուրը՝ մեկական մանդատ) և մեկ անկախ պատգամավորից։
Քվեների մեծ մասի հաշվարկից հետո ձախակենտրոն («կարմիր») բլոկը, որի կազմում է Ֆրեդերիկսենի կուսակցությունը, նոր խորհրդարանում ստանում է 84 մանդատ, իսկ աջակենտրոն («կապույտ») բլոկը՝ 77 մանդատ։
Ավանդաբար երկրի ամենամեծ քաղաքական ուժ համարվող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այս ընտրություններում ստացել է ընդամենը 21,8% ձայն՝ ապահովելով 38 մանդատ։ Սա կուսակցության ամենաթույլ արդյունքն է 1903 թվականից ի վեր։
«Մենք սպասում էինք դիրքերի որոշակի կորստի․ դա բնական է, երբ երրորդ անգամ ես առաջադրվում», — հայտարարել է Ֆրեդերիկսենը՝ միաժամանակ ընդունելով, որ կցանկանար ավելի բարձր արդյունք։
2019 թվականից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ֆրեդերիկսենը նաև նշել է, որ «պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը և առաջիկա չորս տարիներին շարունակել ծառայել որպես Դանիայի վարչապետ»՝ կրկնելով, որ կառավարության ձևավորման գործընթացը հեշտ չի լինելու։

Բաց մի թողեք
Դանիայի վարչապետը մեծ անկում ապրեց իր ընտրողների թվի մեջ, բայց դեռևս առաջատար դիրքում կլինի հաջորդ կառավարությունը ղեկավարելու համար
ԵՄ գլխավոր դատախազն ասում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերը «քաղաքականությունն է, այլ ոչ թե հանցագործությունը»
Դիվանագետները զգուշացնում են, որ ԵՄ գաղտնի ֆայլերը կարող են արտահոսել Կրեմլում