19/04/2026

EU – Armenia

Կալանքի մեսիջները

Դավիթ Մինասյանի կալանքով Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է միանգամից լուծում:

Հրապարակ թերթը գրել է․ Առաջինը, բնականաբար, հանրության աչքը վախեցնելն է, որ ոչ ոք չհամարձակվի իրեն թթու խոսք ասել եւ իր վայրենի թիկնազորին որեւէ կերպ հակադրվել:

Նաեւ թիկնազորին է թեւ տալիս, որ անարգել ու անպատիժ գործելու եք, քանի դեռ ինձ եք պաշտպանում: Չէ՞ որ առջեւում ընտրարշավ է, եւ, դատելով այսօրվա ակտիվությունից, նա դեռ 2 ամիս «շորը չի հանելու հագից»` ցուպը ձեռն առած, անցնելու է բոլոր մարզերով` աղմուկ, իրարանցում, բեմականացումներ, խոստումներ, փիառի բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդներն է կիրառելու, որ այս քաոսից շշմած, կողմնորոշումը կորցրած, վախեցած ու շփոթահար ժողովուրդը` անգամ չուզենալով, գնա եւ ՔՊ ընտրի:

Մյուս խնդիրը, որ լուծեցին 18-ամյա խոստումնալից երիտասարդին բերդ ուղարկելով, այն է, որ հասարակությանը ցուցադրեն` օրենքը Հայաստանում ինքն է, դատավորն ինքն է, արդարադատությունն ինքն է, եւ մեզանում «չկա դատավոր, որ իր ասածը չանի»:

Անգամ անմեղ, ոչ մի հանցանք չկատարած եւ կալանքի ոչ ենթակա երիտասարդին կալանավորելը, որը, թվում է` բարոյականությանը եւ մարդկային խղճին դեմ քայլ էր, ու չպետք է մեզանում լիներ նման երկոտանի, որ գնար այդ քայլին, կարողացան իրականացնել: Եվ արեցին մարդկային կերպարը կորցրած մի ստրուկ դատավորի ձեռքով:

Սրանով նաեւ մեսիջ է փոխանցում բոլոր դեռահասների ծնողներին` զսպեք ձեր երեխաներին, եթե չեք ուզում նրանք բանտում հայտնվեն, մեսիջ է փոխանցում առողջական խնդիրներ ունեցողներին` ոչ մի հիվանդություն չի խանգարի ձեզ բանտ ուղարկելուն, եթե դուք իմ դեմ դուրս գաք: Մեսիջ է փոխանցում իր ենթականերին` եթե այս աղմուկն ինձ չխանգարեց, որ երիտասարդին կալանավորեմ, ի՞նչն է խանգարելու ինձ, որ ձեզ «բոմժ չսարքեմ»:

18–ամյա կալանավոր Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է։

18-ամյա Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության հետ, պաշտպանության կողմը պնդում է, որ տղան պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դպրոցականն ուշագնաց է եղել «Արմավիր» ՔԿՀ չհասած, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։