16/04/2026

EU – Armenia

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար․ Արաղչի

«Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար. անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասվում է նախարարի՝ «X»-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկու շաբաթով հետաձգում է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները։

Իսրայելը համաձայնել է միանալ ԱՄՆ-ին Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ռեժիմին: ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Իրանի անվտանգության խորհրդի պնդմամբ՝ այն առաջարկների թվում, որոնց համաձայնել է ԱՄՆ-ն, ներառված են դրույթներ՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանման, Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման, Իրանի կողմից ուրանի հարստացման շարունակման, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ԱՄՆ բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ: