10/04/2026

EU – Armenia

Ռուսաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները բարձրացնում է միջուկային բախման սպառնալիքի մակարդակի

Եվրամիությունը միջուկային զենք ձեռք բերելու գաղտնի հնարավորություն է մշակում, իբր թե Ռուսաստանի մտացածին սպառնալիքից պաշտպանվելու համար:

Այդ մասին հաղորդագրությունը ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է ապրիլի 8-ին: Ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալությունը, Ռուսաստանի ԱՀԾ-ն տեղեկություն ունի, որ «Բրյուսելը կանգնել է դեպի գլոբալ անվտանգության հիմքերի և միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի փլուզում տանող ճանապարհի վրա՝ հանուն նոր «դեպի արևելք արշավանքի» կանխածրագրի»:

Ըստ ԱՀԾ-ի տարածած տեղեկատվության, Եվրահանձնաժողովը «առերևույթ ցույց է տալիս, թե նախապատվությունը տալիս է ամերիկյան պաշտպանական հովանոցին, բայց իրականում ժամանակ է շահում, որպեսզի ստեղծի միջուկային սեփական զինանոցը՝ հիմքում ունենալով ֆրանսիական և բրիտանական տեխնոլոգիաները»:

Տարածված տեղեկատվությունը հատկապես ընդգծում է «առկա հնարավորությունների շնորհիվ մի քանի շաբաթվա ընթացքում մեկ ատոմային ռումբ ստեղծելու» Գերմանիայի կարողունակությունը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը Եվրամիության «միջուկային զինանոցի ստեղծման» մասին տեղեկությունը տարածել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից գրեթե ժամեր անց: ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը հրադադարի պայմանավորվածությունը Միացյալ Նահանգների համար «նվաստացուցիչ» է որակել:

Ըստ երևույթին, Մոսկվայում խիստ անհանգստացած են, որ ԱՄՆ նախագահը կարող է Իրանի ներկայացրած որոշ պայմաններ ընդունել և այդպիսով հասնել պատերազմի ավարտին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը լրագրողներին ասել է, որ ուկրաինական կարգավորման բանակցություններում «պաուզա» է:

Եթե ԱՄՆ-ին հաջողվի Իրանի հետ հասնել «գործարքի», և դա լինի փոխզիջումային, ապա Ուկրաինայի հարցում Պուտինը կկորցնի Թրամփի աջակցությունը: Այդ հեռանկարը «կանխարգելելու» նպատակով, կարծես, Ռուսաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները բարձրացնում է միջուկային բախման սպառնալիքի մակարդակի: