Իշխանության գործողությունները Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի նկատմամբ հասարակության լայն շերտերում ընկալվում են որպես ճնշում։
Հրապարակ թերթը գրել է․ Իշխանությունն ինչ բացատրություն էլ փորձի տալ՝ ձերբակալությունների, բերման ենթարկելու կամ այլ գործողությունների համար, հանրային ընկալումը գրեթե չի փոխվում․ մարդիկ տեսնում են պետական ուժային ամբողջ գործիքակազմի կիրառումը՝ մեկ նպատակով՝ չեզոքացնել քաղաքական հակառակորդին։
Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը իշխանությունը, կարծես, անտեսում է․ երբ հանրությունը տեսնում է ակնհայտ անհամաչափ ուժի կիրառում և անարդարություն, սկսում է համախմբվել։
Ութ տարի շարունակ հասարակությունը բաժանվել է, պառակտվել, վերածվել բեկորների։ Գուցե հենց սա է պատճառը, որ այսօր իշխանությունն իրեն թույլ է տալիս գործել այդքան ինքնավստահ՝ մտածելով, թե կոտրված բեկորներն այլևս չի հավաքվի։ Բայց ժողովուրդը ապակյա բաժակ չէ․ նրա միավորումը կարող է լինել արագ, անսպասելի և հզոր։
Պատմությունը նման օրինակներ տվել է։ Երբ արտաքին կամ ներքին ճնշումը հասնում է այն կետին, որտեղ մարդիկ դա ընկալում են որպես իրենց պետականության կամ արժանապատվության հարց, նրանք մի կողմ են դնում տարաձայնությունները և դառնում մեկ ուժ։
Նման իրավիճակներում անգամ ամենախոր տարանջատումները կորցնում են իրենց նշանակությունը։ Նույնիսկ Դոնալդ Թրամփը սխալվեց՝ կարծելով, թե հասարակության ներսում բաժանումները կարող են կանխել համախմբումը։ Նա փորձեց խաղալ տարանջատման վրա՝ այդպես հաղթել Իրանին։ Բայց երբ ժողովուրդը հասկացավ, որ հարցը իր պետության գոյության մասին է, համախմբվեց և դարձավ մեկ բռունցք։ Ոչ մի ուժ չի կարող կոտրել համախմբված ժողովրդին։
Այսօր Նիկոլ Փաշինյանը գնում է նույն վտանգավոր ճանապարհով՝ փորձելով ճնշմամբ լուծել քաղաքական խնդիրներ։ Կարելի է ասել՝ մասշտաբները տարբեր են, բայց մեթոդաբանությունն է կարևոր։ Երբ իշխանությունը հայտարարում է, թե կվերացնի ընդդիմադիրներին, կլռեցնի այլախոհներին, դա արդեն քաղաքական պայքար չէ, այլ հակառակ արդյունք տվող ռազմավարություն։
Արդյունքը միշտ նույնն է լինում․ ճնշումը ծնում է դիմադրություն, իսկ անարդարությունը՝ համախմբում։
Այսօր իրականացվող ձերբակալությունները, տեղեկատվական մանիպուլյացիաները, շանտաժի տարրեր պարունակող գործիքները և քաղաքական «ներկայացումները», որոնք ֆինանսավորվում են հենց հանրության հարկերով, աստիճանաբար լցնում են համբերության բաժակը։
Երբ այդ բաժակը լցվում է, գործընթացները դառնում են անկառավարելի։
Եվ այդ պահին իշխանությունը, որը թվում էր ամենազոր, կարող է հանկարծակի հայտնվել մեկուսացած։ Նույնիսկ նրանք, ովքեր այսօր կողքին են՝ ձևական կամ շահի համար, վաղը կարող են առաջինը հեռանալ։
Որովհետև քաղաքականության մեջ ամենաամուր հենարանը վախը չէ, այլ վստահությունը։ Իսկ երբ վստահությունը կորչում է, իշխանությունը սկսում է քայքայվել ներսից։

Բաց մի թողեք
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել
Վագոն-տնակում՝ հակասանիտարական պայմաններում․ Լուսանկար
Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի