ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Վաշինգտոնը կարող է ներքաշվել Իրանի հետ սառեցված հակամարտության մեջ՝ առանց ռազմական գործողությունների վերսկսման կամ համաձայնագրի, Axios-ին ասել են ամերիկացի պաշտոնյաները։
Կան մտահոգություններ, որ հակամարտության ո՛չ ռազմական, ո՛չ էլ դիվանագիտական լուծում չի լինի, և ԱՄՆ-ն ստիպված կլինի երկար ժամանակ պահպանել զգալի ուժեր տարածաշրջանում՝ պահպանելով Իրանի ծովային շրջափակումը: Մինչդեռ յուրաքանչյուր կողմ ուշադիր կհետևի մյուս կողմի գործողություններին՝ սպասելով, որ կա՛մ կհարվածեն, կա՛մ կթուլացնեն իրենց զգոնությունը:
Մի աղբյուրի խոսքով՝ այս սցենարը «ամենավատ բանն է, որ կարող է պատահել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի հետ քաղաքական և տնտեսական առումով», քանի որ մոտենում են 2026 թվականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները։
Թրամփի խորհրդականներն Axios-ին ասել են, որ ամերիկացի առաջնորդը տատանվում է հետագա հարվածներ հասցնելու և Իրանի վրա կիրառվող տնտեսական միջոցառումների առավելագույն ազդեցությանը սպասելու միջև, որոնք կարող են Թեհրանին դրդել զիջումների գնալ, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցում։
Ըստ խորհրդականներից մեկի՝ Թրամփը նրան ասել է, որ «[Իրանի ղեկավարությունը] միայն ռմբակոծությունն է հասկանում»։ Աղբյուրը Թրամփի ներկայիս վիճակը նկարագրել է որպես «հիասթափված ռեալիստի»։ «Նա չի ուզում ուժ կիրառել, բայց չի նահանջի», – ասել է նա։
Ըստ Axios-ի՝ Թրամփը երկուշաբթի օրն իր ազգային անվտանգության թիմի հետ քննարկել է Իրանի՝ նոր բանակցությունների փուլ անցկացնելու վերաբերյալ առաջարկը, սակայն որոշում չի կայացվել։
Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանի գնահատականներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։
Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը բանակցություններ էին վարել Իսլամաբադում, սակայն մի շարք տարաձայնությունների պատճառով չէին կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը երկարաձգելու իր մտադրության մասին։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Թեհրանը չի մտադիրվում ճանաչել Վաշինգտոնի կողմից հրադադարի միակողմանի երկարաձգումը և կգործի իր սեփական շահերին համապատասխան։
ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կարող է սանկցիաներ կիրառել այն ընկերությունների հանդեպ, որոնք համագործակցում են իրանական ավիափոխադրողների հետ։
«Իրանական՝ սանկցիաների տակ գտնվող ավիաընկերությունների հետ բիզնեսի վարումը կարող է սպառնալ, որ այդ ընկերությունները կարող են հայտնվել ամերիկյան սանկցիաների տակ։
Օտարերկրյա կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի իրենց իրավազորության ներքո գտնվող ընկերությունները այդ ընկերությունների օդանավներին ծառայություններ չմատուցեն։ Դա վերաբերվում է նաեւ ավիացիոն վառելիքին, սննդին եւ այլն»,- համաձայն The Wall Street Journal-ի, ասել է նախարար Բեսենթը։

Բաց մի թողեք
Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի թեկնածուներին. Լուսանկար
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը hիասթափված է Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից
Կոլումբիայիայում մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին․ Լուսանկար