«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
«ՀայաՔվեի» հղած նամակ-կոչում ասվում է, որ միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, սակայն այս գագաթնաժողովը, որն անմիջապես նախորդելու է հունիսին կայանալիք` Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին, գործող իշխանություններին, անձնապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՈՒՂԻՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ տարրեր է պարունակում։ Նման մոտեցումը կստեղծի անհավասար պայմաններ Հայաստանում գործող մյուս քաղաքական ուժերի համար և կխաթարի ԱՐԴԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ սկզբունքները։
Հայաստանն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար` կարևոր է, որ միջազգային դերակատարները խուսափեն ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես ուղիղ ներգործություն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանման վրա։ Ժողովրդավարական գործընթացները պետք է զերծ մնան արտաքին քաղաքական ազդեցություններից, որոնք կարող են ընկալվել որպես ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ կամ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանին։ Գործող իշխանությունների ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ, առանց հավասարակշռված և ազգային կոնսենսուսի, վտանգում է երկրի հետագա կայունությունը և կարող է խորացնել ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից աճող ճնշումների համատեքստում։
Ուստի եվրոպական առաջնորդներն ու հաստատությունները պետք է ցուցաբերեն ռազմավարական պատասխանատվություն՝ զերծ մնալու նմանատիպ միջոցառումներին մասնակցությունից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ուղիղ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ գործող ռեժիմին, պահպանել չեզոքություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում` առաջնահերթություն տալով երկարաժամկետ տարածաշրջանային կայունությանը և ոչ թե կարճաժամկետ դիվանագիտական սիմվոլիզմին, դիտարկել մայիսի 4-ին նախատեսված` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելը հետաձգելու հնարավորությունը խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն իսկ ձևավորված կլինի նորընտիր խորհրդարան և հաստատված կլինի նոր` ժողովրդական, օրինական իշխանություն` պատրաստ հյուրընկալելու այս կարևոր միջոցառումը։
Հայաստանի ապագան ՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ ԻՐ ԻՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ՝ իրական քաղաքական բազմակարծության և արդարության պայմաններում, այլ ոչ թե արտաքին ուժերի ազդեցության ստվերի ներքո։
Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը։


Բաց մի թողեք
Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք
Իրանում մեղադրում են Բաքվին իսրայելական գործողություններում ներգրավվածության մեջ
Դավիթ Տոնոյանը՝ Կանդազի մասին