Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ հարցումներ է ստանում զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ իրավիճակի վերաբերյալ հստակ և պաշտոնական տեղեկատվություն ապահովելու նպատակով։
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղուկ գազի մատակարարման վերաբերյալ
Հարց․ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։
Պատասխան․ Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։
Հարց․ Ի՞նչ է անում Կառավարությունը։
Պատասխան․ Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։
Հարց․ Գների բարձրացման ռի՞սկ կա։
Պատասխան․ Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։
Հարց․ Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։
Պատասխան․ Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։

Բաց մի թողեք
Yerra և 1SQ AGRO ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակը
Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին պատասխան քայլերով՝ ԵՄ բյուջեում եվրոպական արտադրանքին նախապատվություն տալու պատճառով