28/04/2026

EU – Armenia

Յանի իմաստը ո՞րն ա, որ տեսախցիկ դնենք էդ չկայացած շտաբի դիմաց․ Տավրոս Սափեյան

Պարզվում է, Թալինում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակը բացվելուց հետո, իշխանությունը գրասենյակի դիմաց տեսախցիկ է տեղադրել, հետևում է, թե ովքեր են ելումուտ անում այդ գրասենյակ:

Հրապարակ թերթը գրել է․ Թալինցիները մեզ պատմեցին, որ քաղաքի մուտքերի մոտ դեռ տարիներ առաջ են տեսախցիկներ տեղադրել, բայց «Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցությունների գրասենյակների մոտ տեսախցիկները տեղադրվել են այդ գրասենյակները բացվելուց հետո:

Տեղեկացանք, որ Թալինի համայնքապետարանի էլեկտրիկ Անդոկ Ղանդիլյանին աշխատանքից ազատել են այն բանի համար, որ մտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ: Նույն գրասենյակ ներս մտնելու համար էլեկտրացանցի մի աշխատակցի էլ են ազատել աշխատանքից:

Տավրոս Սափեյանը համայնքապետարանի իրավաբան՝ Էդգար Խաչատրյան տեղափոխել է ՀԷՑ-ի Թալինի մասնաճյուղի տնօրենի պաշտոնին, որ ցանցերի աշխատակիցներին վերահսկի: Նա էլ սկսել է աշխատանքից ազատել աշխատակիցներին:

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանին հարցրեցինք, թե ինչու են տեսախցիկ տեղադրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց. «Թալին քաղաքում և վարչական տարածքների մուտքերը, ամբողջը տեսախցիկներ են դրված, անվտանգություն, խուժանություն և այլն, այդ նպատակով: Ոչ մի «Ապրելու երկիր», «Ուժեղ Հայաստան» կուսակցություն մեր տեսադաշտում չկա: Այդ տեսախցիկը կա ճանապարհի վրա, ես ի՞նչ անեմ, որ ինքը էդտեղ շտաբ ա բացել: Շտաբը, եթե օրենքով է պահում իրեն, տեսախցիկը կապ չունի, մարդն էլ՝ եթե օրենքով է իրեն պահում է, տեսախցիկը կապ չունի: Ինչ վերաբերվում է Անդոկի հետ կապված, ինքը իմ թալինցին ա, դա եղել է ամիսներ առաջ՝ իր սխալ և վատ աշխատանքի հետևանքով է, ինչքան որ ես գիտեմ, ես տեղեկացված չեմ, էլեկտրացանցը հեռացրել է իրեն աշխատանքից։ Հիմա բերել կպցնել քաղաքական աստառ ու սենց որակել՝ ազատում: Նախ համայնքապետարանից որևիցէ մի աշխատող էդ չկայացած շտաբը չի մտնում, հելնում: Մենք դրան ուշադրություն չենք էլ դարձնում: Իրականից ես լուրջ բան եմ ասում, ուշադրություն չենք դարձնում: Ամպագոռգոռ չհնչի, եթե մեղվի փեթակը հանգում ա, տերը էդ մեղվի փեթակին էլ տեր չի կանգնում, նույն էլ այդ շտաբն ա, ամբողջ հանրությունն էլ գիտի, որ հանգած ա, թալինցին էլ՝ գիտի, մենք էլ՝ գիտենք, յանի իմաստը ո՞րն ա, որ մենք տեսախցիկ դնենք, երանգավորումներ տանք, ով որ մտնում է այդ շտաբ, դուրս է գալիս՝ ազատենք աշխատանքից: Չկա նման բան»:

Իսկ այդ վայրում տեսախցիկը ե՞րբ է տեղադրվել. «4 տարի առաջ իմ կառավարման ժամանակ, երբ որ ես եղել եմ համայնքի ղեկավար, կենտրոնական փողոցներում եմ տեղադրել: Ես ունեմ մրցույթներ, որ ամեն ամիս շատացնում եմ տեսախցիկները՝ ի բարօրություն թալինցու, մեր երկրում կարգ ու կանոն պե՞տք է հաստատվի: Չեմ ուզում այլ դաշտ մտնել, էդ ասող-խոսողները, ով ինֆորմացիան տվել է՝ նոր բան չի, վստահեցնում եմ, որ իրենց հետ կապող երակ էլ չկա, որ ես նայեմ կամ դիտեմ, կամ ուժային պատկան մարմիները դիտեն»:

Լավ, իսկ կասե՞ք՝ համայնքում քանի տեսախցիկ եք տեղադրել, և դա որքան է արժեցել համայնքի բյուջեի վրա. «Այս պահին չեմ հիշում, մենք ուրիշ տեղից գումարներ չունենք, մեծահարուստ չենք, Ծառուկյան Գագոն չենք, Սամվել Կարապետյանը չենք, մենք մեր ժողովրդի գումարով կառուցում ենք մեր համայնքը և համայնքի համար լավ գործեր ենք անում»։