Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնում է Մոսկվա։ Ըստ տեղեկությունների, Կրեմլում նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախատեսված են նաև «հանդիպումներ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։
Անցած երկու օրերին Իրանի արտգործնախարարը բանակցություններ է վարել Պակիստանում և Օմանում։ Ըստ տեղեկությունների, նա Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմի ավարտի եւ համաձայնության հասնելու հարցում Իրանի «կարմիր գծերը սահմանող գրավոր առաջարկություն»։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անուղղակի հաստատել է այդ տեղեկությունը։ Ըստ նրա, Իրանից ստացվել է «նախորդից լավ առաջարկություն»։ Իսրայելական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Իրանը պնդում է, որ միջուկային ծրագիր իրականացնելոու և Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցերը «քննարկման ենթակա» չեն։
Այս համատեքստում Պակիստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը պաշտոնապես հայտարարել է Իսլամաբադի կենտրոնում հսկիչ-անցագրային կետերը և երթևեկության սահմանափակումները վերացնելու մասին։ Նա մայրաքաղաքի բնակիչներին շնորհակալություն է հայտնել ձեռնարկված անվտանգության միջոցառումների նկատմամբ հանդուրժողական գտնվելու համար։
Պակիստանի արտգործնախարարի հայտարարությունը վկայում է, որ Իսլամաբադում իրանա-ամերիկյան բանակցություններ առնվազն մոտակա օրերին չեն նախատեսվում։ Պակիստանի միջնորդությունը, որին աջակցում էին Սաուդյան Արաբիան և Թուրքիան, այսպիսով, սառեցվում է։
Արդյո՞ք դա նշանակում է, որ իրանա-ամերիկյան բանակցությունները ձախողված են, դժվար է կողմնորոշվել։ Դոնադ Թրամփը հայտարարել է, որ Իրանը նավթի արդյունահանման և տարանցման ենթակառուցվածքները փրկելու համար «երեք օր ժամանակ ունի»։ Նա դարձյալ ընդգծել է, որ Իրանը «առաջնորդ չունի», վերնախավի մի մասը «խելացի մարդիկ են, մյուսը՝ ոչ»։
Հավանական է, Իրանի արտաքին գործերի նախարարը Մոսկվա է մեկնում, որպեսզի պարզի Ռուսաստանի դիրքորոշումը։ Արտառոց է, որ Արաղչիի դիվանագիտական «մարաթոնը» չի ներառել Պեկին նրա այցը։ Այս առումոբ ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահը Իրանին Չինաստանի կողմից ցուցաբերվող օժանդակությունից «հիասթափվածություն չունի»։
Նա ասել է, որ այդ «օգնությունը կարող էր ավելի մեծ լինել»։ Ի՞նչ կարծիք ունի Թրամփը ռուս-իրանական համագործակցության մասին, հայտնի չէ։ Reuters-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է այնպիսի հարվածային ուժ, որ կիրառվել է Իրաքի դեմ պատերազմում։
Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանի գնահատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության դեպքում «ընդունված դիվանագիտությունը չի աշխատում, որովհետև եթե մյուսների համար պատերազմը աղետ է, ապա նրանց համար դա կենսակերպ» է։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ը կհամաձայնի՞ Իրանի հետ բանակցություններում Պուտինի ներգրավվածությանը
Ո՞րն է կրտսեր Պրիմակովի պաշտոնանկության պատճառը, «Ռուսսկիյ դոմ»-ում նույնպես կադրային փոփոխություններ կարվեն
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Կովկասյան տերություն ճանաչվի