08/05/2026

EU – Armenia

Եթե Իրանի շրջափակումը շարունակվի, Ռուսաստանը մատակարարումներ կիրականացնի՞

ԱՄՆ-ը Իրանին է ներկայացրել 14 կետից բաղկացած «Փոխըմբռնման մասին Հուշագրի» նախագիծ և ակնկալում է պատասխան ստանալ 48 ժամվա ընթացքում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային այդ տեղեկությունը հաստատել է և ասել, որ այն «ուսումնասիրվում» է։

Մինչ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները և փորձագետները իրադարձությունների հետագա զարգացման շուրջ ենթադրություններ են անում, հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը հանդես է եկել իրանցիներին ուղղված ուղերձով, որտեղ կոչ է արել անցնել ծայրահեղ խնայողության։

Ղալիբաֆը հիմնավորել է, որ հակառակորդը «փորձում է Իրանին խեղդել ներսից՝ ծովային շրջափակման, տնտեսական ճնշումների և մեդիա-քարոզչության միջոցով»։ Փորձությունը հաղթահարելու համար նա դիմել է իրանական սփյուռքին՝ կոչ անելով իր միջոցները տրամադրել Իրանի կառավարությանը։

Խորհրդարանի նախագահը դիմել է Իրանի «Բասիջ» ռազմականացված կառույցին և պահանջել, որ քաղաքների ամեն մի թաղամասում, գյուղական բոլոր բնակավայրերում շուրջօրյա հերթապահություն իրականացնեն, ապահովեն բնակչության և տեղական իշխանությունների հաղորդակցությունը։

Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի ուղերձը վկայում է, որ Իրանը հասել է հնարավորությունների սպառման սահմանին, բայց Միացյալ Նահանգների ներկայացրած «Հուշագրի» նախագիծն ընդունելու մտադրություն չունի։

Եթե իրանական վերնախավը հակված լիներ ամերիկյան պայմաններով հրադադարի վերջնական ամրագրմանը, ապա խորհրդարանի նախագահը ծայրահեղ խնայողության, համախմբվածության, հանրային խավերի միջև փոխադարձ օգնության կոչ չէր անի, իրանական սփյուռքից ֆինանսական և այլ կարգի օգնություն չէր խնդրի։

Ղալիբաֆի ուղերձից կարելի է հետեւություն անել, որ Իրանը նախապատրաստվում է «պաշարված ամրոցի» սկզբունքով տեւական դիմադրության, իսկ հաշվարկը կառուցված է նրա վրա, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողությունները «չի վերսկսի»։

Դա հավանական է։ Պատերազմը շարունակելու համար նախագահ Թրամփը պետք է ունենա Կոնգրեսի համաձայնությունը, իսկ դա ենթադրում է դեմոկրատներ-հանրապետականներ սուր բանավեճ։

Խնդիր է, թե ծովային շրջափակման պայմաններում Իրանը որքա՞ն և ինչպե՞ս կդիմակայի։ «Բասիջին» տված հրահանգը փաստացի ունի ներքին հուզումները կանխարգելելու իմաստ։ Իրանը հարաբերությունները սրել է Պարսից ծոցի երկրների հետ։

Փոխարենը, ըստ տեղեկությունների, Պակիստանը սահմանային մի քանի լրացուցիչ անցակետեր է բացել, որպեսզի Իրանը նվազագույն անհրաժեշտ բեռներ ստանա։ Եթե Իրանի շրջափակումը շարունակվի, Ռուսաստանը մատակարարումներ կիրականացնի՞։

Իսրայելը լրջորեն վնասել է Էնզելի նավահանգիստը։ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան ոչ ռազմական նշանակության բեռնափոխադրումների տրանզիտ կապահովի՞։