11/05/2026

EU – Armenia

Սամվել Կարապետյանն իր տան դիմաց դիմեց աջակիցներին. «Կազատենք երկիրը Ալիևի փչած փուչիկից». Տեսանյութ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ ամփոփել են քարոզարշավի առաջին օրը, որից հետո քայլերթով շարժվել են դեպի Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ վանկարկելով «Սամվել վարչապետ»։

Աջակիցներին իր տան մոտ դիմավորելով՝ Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով:
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է միասնական գործողություններով հաղթահարել առկա քաղաքական և ազգային մարտահրավերները՝ նշելով, որ իրենց տեսլականում Հայաստանը պետք է դուրս գա ներկա վիճակից և շարժվի դեպի, իր խոսքով, ուժեղ և ինքնուրույն պետություն.

«Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից: Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով, Ալիևի մարզպետը խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև»:

Տեսանյութն՝ այստեղ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ցոլակ Ակոպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց գնահատմամբ՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա, այսպես կոչված, «թուրք-ադրբեջանական ազդեցությունից» և ձևավորի ուժեղ, ինքնուրույն պետություն։

Նրա խոսքով՝ ներկայումս ընտրական գործընթացների ընթացքում նկատվում է անհավասար պայմաններ և վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Նա նշել է, որ տարբեր մարզերում, այդ թվում՝ Վայոց Ձորում և Սյունիքում, քաղաքացիներին, իր պնդմամբ, ներգրավում են քաղաքական միջոցառումներին վարչական ճնշումների միջոցով։

Գործիչը վստահություն է հայտնել, որ չնայած այդ հանգամանքներին, հասարակությունը իր ընտրությամբ աջակցելու է իրենց քաղաքական ուժին՝ համարելով, որ հենց «Ուժեղ Հայաստանը» կհաղթի ընտրություններում։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ նա նշել է, որ վերջինիս արձագանքները, իր կարծիքով, վկայում են ներքաղաքական լարվածության և անհանգստության մասին՝ կապված առաջիկա ընտրությունների արդյունքների հետ։

Նրա գնահատմամբ՝ մոտենալով ընտրությունների օրը՝ իրավիճակը կսրվի, իսկ վերջում, ըստ նրա, հասարակությունը իր ընտրությամբ քաղաքական փոփոխություն կկատարի։

«Համոզված եղեք՝ ինչքան մոտենա հունիսի 7-ը, այնքան ջղաձգվելու է, և հունիսի 7-ին հայ ժողովուրդն իրեն ուղարկելու է պատմության աղբանոցը», – խոսելով Փաշինյանի մասին, նշել է նա. «Փաշինյանի վիճակը շատ վատ է»,- ասել է նա: