11/05/2026

EU – Armenia

Հայաստանին «բողոքի նոտա» հայտնելով Ռուսաստանը «նսեմացնո՞ւմ», թե՞ «գաղտնագրում» է …

Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մոսկվա այցի ընթացքում «կարող է Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղերձ փոխանցել»։ Այդ մասին Սլովակիայի խորհրդարանի պրոֆիլային կոմիտեի նիստում հայտարարել է երկրի ԱԳՆ պետական քարտուղար Ռաստիսլավ Հովանեցը։

Նա մանրամասնել է, որ Ֆիցոն Մոսկվայի զորահանդեսին ներկա չի գտնվի, կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, ում «կարող է Ուկրաինայի նախագահից ուղերձ փոխանցել»։ Հովանեցը շեշտել է, որ վարչապետ Ֆիցոն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ «վերջերս երկու շփում է ունեցել»։

Մայիսի 4-ին Սլովակիայի վարչապետը և Ուկրաինայի նախագահը հանդիպել են Երեւանում՝ Եվրոպական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Այդ հանդիպման մասին Ֆիցոն տեղեկացրել է Երևան ուղեւորվելուց երկու օր առաջ։ Վստահաբար կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայի նախագահը Երեւան է ժամանել հատկապես Սլովակիայի վարչապետի հետ հանդիպման համար։

Այս համատեքստում ուշադրություն է գրավում Վլադիմիր Զելենսկու երևանյան այցին ՌԴ ԱԳՆ գնահատականը։ Մոսկվան շեշտել է Երևանում նրա կողմից Ռուսաստանի «դեմ ահաբեկչական հայտարարություններ անելու» հանգամանքը, Հայաստանին մեղադրել նրան «հարթակ տրամադրելու» մեջ։

Իրականում, ինչպես հետևում է Սլովակիայի ԱԳՆ պետական քարտուղարի անոնսից, Երեւանը ոչ թե «հակառուսաստանյան», այլ Սլովայիայի վարչապետին և Ուկրաինայի նախագահին երկխոսության և այդ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորմանը դիվանագիտական աջակցության հարթակ է տրամադրել։

Ֆիցոն պետք է Մոսկվա ժամանի մայիսի 9-ին։ Առաջիկա ժամերին կարող է իրավիճակ փոխվել։ Մանավանդ որ Լեհաստանը և Մերձբալթիկայի երկրները նրա ինքնաթիռին օդային միջանցք չեն տրամադրում։

Պետք է սպասել Ֆիցոյի մոսկովյան այցին, Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների մասին տեղեկություններին։ Եթե ամեն ինչ ընթանա՝ ինչպես Սլովակիայի ԱԳՆ պետական քարտուղարն է անոնսավորել, ուրեմն Պուտինը ընդունում է Զելենսկու «երևանյան ուղերձը»։

Այստեղ չպետք է ուշադրությունից դուրս թողնել մի չափազանց կարևոր նրբություն։ Եվրոպական համայնքի գագաթաժողովից երկու օր առաջ Կիպրոսում Եվրամիությունը ոչ պաշտոնական գագաթաժողով է անցկացրել, որին հրավիրված էր նաև Ուկրաինայի նախագահը։ Սլովակիայի վարչապետը և նա կարող էին հանդիպել Նիկոսիայում։

Մինչդեռ նրանք հանդիպել են Երևանում, որտեղ էլ Զելենսկին Ֆիցոյին է «փոխանցել Պուտինին իր ուղերձը»։ Հայաստանին «բողոքի նոտա» հայտնելով Ռուսաստանը «նսեմացնո՞ւմ», թե՞ «գաղտնագրում» է ուկրաինական կարգավորման գործընթացին Երևանի «միջնորդական մասնակցությունը»։

Այս հարցի պատասխանն է, թերևս, Ռուսաստան – Հայաստան հարաբերությունների չափման միավորը։