14/05/2026

EU – Armenia

Մոսկվան չի բացառել Եվրամիության հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները

Ուրախ եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում մայիսի 9, 10 11-ին եռօրյա հրադադար է հայտարարվել։ Այդ մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա ներկայացրել է, որ կրակի դադարեցումը նախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, ինչպես նաև հազարը՝ հազարի դիմաց սկզբունքով գերիների փոխանակում։

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ նախաձեռնությունը անձամբ իրենն է, որին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները համաձայնել են։ Թրամփը հույս է հայտնել, որ այդ պայմանավորվածությունը «պատերազմի ավարտի քայլ կդառնա»։

Նրա գնահատմամբ՝ «ռազմական գործողությունների դադարեցման բանակցությունները շարունակվում» են, իսկ կողմերը խաղաղության համաձայնագրին «ավելի են մոտենում»։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը ֆաշիզմի դեմ հաղթանակի առթիվ ուղերձ է հղել և վերահաստատել իր գնահատականը, որ Եվրոպան չարիքից ազատել է Միացյալ Նահանգները՝ իր «դաշնակիցների հետ միասին»։

Թրամփը հատուկ ընդգծել է, որ այդ առաքելությունը իրականացվել է 250 հազար ամերիկացի զինվորների կյանքի գնով։

Պաշտոնական Մոսկվան Դոնալդ Թրամփին արձագանքել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի մակարդակով։ Նա ընդգծել է, որ «որոշումը Վլադիմիր Պուտինի և ամերիկյան առաջնորդի հեռախոսազրույցի շարունակությունն» է։

Ուշակովը կարևորել է, որ հրադադարը «համընկնում է սրբազան տոնի 81-րդ տարեդարձին», իսկ գլխավորը «գերիների փոխանակման համաձայնությունն» է։

Եռօրյա հրադադարին իր համաձայնությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է բավական ենթատեքստային ձևակերպումով․ «Մեզ համար ուկրաինացի գերիներն ավելի կարևոր են, քան Կարմիր հրապարակը», և հավելել, որ «Ուկրաինայի հայելային պատասխանը Ռուսաստանին ծանոթ» է։

Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը, որ ուկրաինական կարգավորման «բանակցություններում տեղապտույտ» է,- արտառոց է հնչում։ Մանավանդ որ տևական անբարյացկամությունից հետո Մոսկվան չի բացառել Եվրամիության հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները։

«Մենք չէ, որ խզել ենք հարաբերությունները»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը և նկատել տվել, որ Ռուսաստանը «նախաձեռնություն չի ցուցաբերի»։

Դիվանագիտական խոսքի իմաստը, կարծես, այն է, որ նախաձեռնություն պետք է ցուցաբերի Եվրամիությունը։ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ժամանել է Մոսկվա։ Ուկրաինական Европейская газета-ն գրել է, որ նա Ռուսաստանի «նախագահին Եվրահանձնաժողովի նախագահ Լայենի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու ստորագրությամբ գաղտնի նամակ կփոխանցի»։