«Նիկոլին ընտրելու 4 վարիանտ կա,- այսօր ինձ բացատրեց տաքսու վարորդը,- մեկը՝ որ գնաս, իրեն ընտրես, երկրորդը՝ որ գնաս, քվեաթերթիկն անվավերացնես՝ փչացնես, երրորդը՝ որ չգնաս ընտրության, պառկես դիվանին ու սաղից զզվես։ Եվ չորրորդը՝ որ ընտրես այն մանր-մունր ընդդիմադիրներից որեւէ մեկին՝ ձայնդ փոշիացնես։
Էս բոլոր 4 վարիանտներով ընտրում ես հենց Նիկոլին։ Նիկոլին չես ընտրի, եթե քվեարկես խոշոր 3 ընդդիմադիրներից մեկի օգտին»։ Մարդը մտածել էր, վերլուծել, ինքն իրեն որոշել, որ բացառելու է բոլոր հնարավոր տարբերակները, որոնք տանում են Նիկոլի հաղթանակին։ Ավելի հստակ վերլուծություն ես դեռ չէի լսել։
Եվ այսպես, ըստ երեւանցի վարորդի, հիմա՝ այս քարոզարշավի 10 օրերի ընթացքում ուրվագծվում է պատկեր, որով հնարավոր է հաղթել պոպուլիզմով եւ մանիպուլյացիաներով սեւ գոտի ունեցող այս իշխանություններին։ Ասում է՝ վերջին լեւըլի վարպետ են՝ սուտ խոսելու, մարդկանց մոլորեցնելու հարցում նրանց գերազանցել չի լինի, քանի դեռ մարդիկ հույս չունեն, որ ընդդիմությունը հաղթանակի շանս ունի։
Բայց ՔՊ-ն քարոզարշավը շատ շուտ սկսեց, ու հիմա, ելնելով ուղեւորների արձագանքից, ահավոր հոգնեցրել են։ Արդեն անգիր գիտենք՝ նիկոլականներն ինչ են ասում, ու զուտ սպորտային հետաքրքրության համար սկսում ենք լսել Նարեկ Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին, տեսնենք՝ իրենք ինչ են ասում։
«Մյուսներին լսելն արդեն մեծ ձեռքբերում է, քանի որ, երբ այլ ելույթներ ես լսում, հանկարծ հասկանում ես, որ ՔՊ-ի ագրեսիվ գոռգոռոցը, սպառնալիքները, լուտանքները, ստերն էլ տանելի չեն։ Հասկանում ես, որ այս մարդիկ՝ ընդդիմադիրները, կարող են դրանցից մի քանի անգամ ավելի լավ երկիր ղեկավարել, ավելի արժանապատիվ եւ 100 անգամ ավելի անկեղծ են։ Հույս է ծագում»,- մանրամասն բացատրեց վարորդը, ու դժվար է նրա հետ չհամաձայնելը։
Այդ հույսն ընդդիմությունը պետք է փայփայի այս 20 օրերին, պետք է աճեցնի։ Մեկը նոր մարդ է քաղաքականության մեջ եւ բավականին հուսադրող, մյուսը հին է, բայց զարմանալիորեն բավականին արժանահավատ։ Մեջբերում եմ վարորդի բառերը․ «Նիկոլը՝ ինքը, ոնց որ ամեն օր ուզենա ընտրող կորցնի։
Չեմ ասում՝ իր ընտրազանգվածը կգնա, կընտրի ընդդիմությանը, չէ, բայց հիմա էլ իրենք են հոգնել ու զզվել եւ նույն դուխով ընտրության գնալու հավես չեն ունենալու։ Նիկոլականներն էլ արդեն սկսեցին կասկածել ու հոգեպես դուխից ընկան՝ Նիկոլի ու իր թիմի տհաճ պահվածքի պատճառով, ու այդպիսով կպակասեն իրենց ռեալ ընտրողները։
Իսկ չկողմնորոշվածները, լսելով ընդդիմության ելույթները, կկողմնորոշվեն, տեղից կշարժվեն՝ կգնան ընտրելու, ու պարզ է, որ այդ մարդիկ ոչ մի դեպքում Նիկոլ չեն ընտրելու, որովհետեւ չկողմնորոշված են ընդդիմության առումով, իսկ Նիկոլին մերժելու մասով այդ ընտրազանգվածը լավ էլ կողմնորոշված է»։ Բա որ ասում եմ՝ տաքսիստ չէ, այլ՝ մի լուրջ քաղաքական մեկնաբան։
Հարցնում եմ՝ արժե՞ վիրավորանքներին վիրավորանքով պատասխանել, Քոչարյանից նման բառապաշար չէինք լսել, Նիկոլ Փաշինյանին անվանեց համբալ։ Ասում է՝ հա, արժե երբեմն ցույց տալ, որ դիմացինն էլ կարող է այդ ոճով խոսել, եթե դա է այդպես դուր գալիս հասարակ ժողովրդին, հզորությունը դրա մեջ են տեսնում, ուրեմն՝ արժե։ Ղ
արաբաղցու ասած՝ «Մենք լի ունջվար ընք, լիի», ու մենք էլ կարող ենք համբերությունը կորցնել, այդպես՝ իր նման ու իրենից լավ «հզոր» լինել։ Իսկ իշխանության կողմից հնչող սպառնալիքներն ավելի են ծանրացնում իրենց վիճակը, մարդիկ չեն սիրում, որ իրենց տված ուժը ինչ-որ մեկը ինքն իրեն է վերագրում, հաստատ՝ ձեռքից այդ ուժը կառնեն՝ մերժելով ընտրություններում։
Ուրեմն, նրան հաղթելու միակ ձեւը հունիսի 7-ին ընտրությունների գնալն է եւ ընտրելը բացառապես խոշոր ընդդիմադիրներից մեկին։ Խոշոր 3 ընդդիմադիր ուժերից որեւէ մեկին ընտրող մարդը պետք է վստահ լինի, որ ինքը ոչ մի կերպ ՔՊ-ի օգտին չքվեարկեց։ «Ամոթ է, որ երեքով միասին մի Նիկոլ են հաղթելու, բայց չհաղթելն ավելի ամոթ է լինելու»,- ասաց վարորդը, որին ես կընտրեի վարչապետ, եթե առաջադրված լիներ ընտրություններում։
Այնպես որ, սա է ամբողջ պատկերը։ Գնացեք՝ սոցիոլոգիական հարցումներ, հարցախույզներ, վերլուծություններ ու հետազոտություններ արեք, հատիկ-հատիկ մարդկանց հետ զրուցեք, աշխարհ անցեք՝ այս վերլուծությունից ուժեղ ոչինչ չեք գտնելու։

Բաց մի թողեք
Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան․ Լուսանկար
2018-ին Բագրատ սրբազանին առաջարկել էին ընդգրկվել իրենց ցուցակում
«Ախրանիկները» բերանս փակեցին՝ տարան, մինչև Նիկոլի ելույթը չվերջացավ, ինձ բաց չթողեցին. Լուսանկար