Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի saqinform պաշտոնական գործակալությունը։
Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով Բաքու է ժամանել նախօրեին և մասնակցել «Քաղաքների միջազգային խորհրդաժողովին», որ Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպվել է ՄԱԿ-ի հովանու ներքո։
Ըստ տեղեկատվության, Ալիևը և Կոբախիձեն տարածաշրջանի զարգացման և ժողովուրդների բարեկեցության համար կարևորել են խաղաղությունը և երկրների միջև համագործակցությունը։ Հանդիպման արդյունքներով կողմերը պրոֆիլային նախարարների մակարդակով երկու համաձայնագիր են ստորագրել։
Եվս քսան տարով երկարաձգվել է Ադրբեջանից Վրաստան բնական գազի արտահանումը, համաձայնեցվել են Ադրբեջանից Վրաստան էլեկտրաէներգիայի տարանցման պայմանները։ Ադրբեջանը և Վրաստանը նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր հատվածը շահագործման հանձնելու մասին արձանագրություն են ստորագրել։
Ալիև-Կոբախիձե հանդիպման մասին oxu.az կայքը տեղեկություն է տարածել, որ ձեռք է բերվել Բաքու-Սուփսա նավթամուղը վերագործարկելու պայմանավորվածություն, բայց այդ տեղեկությունը վրացական կողմի տարածած տեղեկատվությամբ չի հաստատվել։
Ի տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցների, saqinform-ի հաղորդագրության մեջ խոսք չկա այն մասին, որ Ադրբեջանից Վրաստանի տարածքով և Սև ծովով պետք է «անցնի բարձր լարման էլեկտրաէներգիայի մալուխային գիծ, որ նախատեսված է Ռումինիա ադրբեջանական էլեկտրաէներգիա արտահանելու համար»։
Ալիև-Կոբախիձե բանակցությունների ամենաէական արդյունքը, սակայն, կարելի է համարել Բաքու-Թբիլիսի-Բաքու երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 26-ից գործարկելու պայմանավորվածությունը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ցամաքային սահմանները 2020թ․ հունվարից փակ են։
Վերջին անգամ «հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգվել է ընթացիկ տարվա ապրիլի մեկից և գործում է մինչև հուլիսի մեկը։ Բաքու – Թբիլիս – Բաքու երկաթուղային հաղորդակցության վերականգնումը փաստացի նշանակում է վրաց-ադրբեջանական սահմանի մասնակի բացում։
Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը Բաքու-Թբիլիսի-Բաքու երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին որևէ հստակ տեղեկություն դեռևս չի հայտնել։ Երևում է, Ալիև-Կոբախիձե հանդիպումը «անհաշտ» մտերմության մթնոլորտում է անցել։

Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփը` Սի Ծինփին – Պուտին հանդիպման գերին
ՌԴ ընտրությունները «թեժ են լինելու»․ կոմունիստները պատերազմը դադարեցնելու կոչ են արել
Ռուսաստանը և Չինաստանը կարո՞ղ են Իրանին «գործարք պարտադրել»