20/05/2026

EU – Armenia

Արթուր Օսիպյանը պիտի անհապաղ ազատ արձակվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը անդրադարձել է Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին՝ այն գնահատելով որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Նա նշել է, որ Օսիպյանին անձամբ չի ճանաչում, սակայն տեղյակ է նրա հանրային գործունեությունից։ Գասպարյանի կարծիքով՝ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները առնվազն կասկածելի են և կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։

Նա ընդգծել է, որ «խուլիգանություն» որակումը անհամաչափ է այն իրավիճակին, երբ, ըստ իր մեկնաբանության, խոսքը պարզապես անհամաձայնություն հայտնելուն կամ հարց ուղղելուն է վերաբերում։ Գասպարյանը նաև նշել է, որ նախընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքը հիմնավոր չէ՝ պնդելով, որ նման շփումները քաղաքական գործընթացների բնական մաս են։

Բացի այդ, նա անդրադարձել է բռնության կոչի վերաբերյալ մեղադրանքին՝ նշելով, որ օգտագործված արտահայտությունները պետք է դիտարկել քաղաքական հռետորաբանության համատեքստում և ոչ թե որպես իրական բռնության կոչ. «Նրա հանդեպ քննչականի մեղադրանքն առնվազն քաղաքականապես մոտիվացված է, այդ տղան անհրաժեշտ է, որ անհապաղ ազատվի, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքն առերևույթ անհիմն է»: