25/05/2026

EU – Armenia

Հայաստանի համար «սիմվոլիկ նշանակություն կունենա, բայց թուրքական ապրանքները կհեղեղեն մեր շուկան»

Եթե միջին-վիճակագրական հային ասվի, որ երբ ցարական Ռուսաստանում ճորտատիրական կարգը դեռ նոր էր վերացվում, Պոլսի Հայոց պատրիարքարանը «Ազգային սահմանադրություն» է մշակել, ներկայացրել, և այն «Հայ ազգի կանոնադրություն» պաշտոնական անվանումով 1863թ․-ին սուլթանի կողմից հաստատվել և մտել է ուժի մեջ, նա, անկասկած չի հավատա։

Բայց դա անհերքելի իրողություն է, Օսմանյան կայսրությունը Պոլսո Հայոց պատրիարքին ճանաչել է «ազգի ղեկավար»։ Ձևավորվել է թուրքահպատակ հայության ներկայացուցչական մարմին՝ Ազգային խորհուրդ, որն էլ կազմավորել է «գործադիր իշխանություն»՝ Ազգային վարչություն։

Պոլսո պատրիարքը պաշտոնապես ստացել է Օսմանյան կառավարության և ազգային մարմինների միջև «միջնորդի» կարգավիճակ։Այդ «սահմանադրությունը» գործել է մինչև 1896 թվականը, ապա կրկին ուժի մեջ մտել 1908թ․ երիտթուրքական հեղաշրջումից հետո և վերջնականապես դադարել ցեղասպանությունից հետո։

Թուրքիայում «Ազգային սահմանադրության» ընդունումից տասնհինգ տարի անց, 1878թ․ Թիֆլիսի «Մշակ» թերթում լույս է տեսել հայ վիպասան Րաֆֆու «Ինչ վերանորոգումներ պետք են Տաճկակական Հայաստանի» հոդվածը, որի հիմնական ասելիքը ձևակերպել է այսպես, «Կ․ Պոլիսը, որպես պաշտոնական կայարան, հասկանալի է․․․ այնտեղ հայոց պատրիարքը միշտ կարող է հարաբերություն ունենալ վեզիրների և եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ, բայց․․․ իր առանձնացած դիրքով հազիվ թե կարող էր ազդել հեռավոր Հայաստանի վրա»։

Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ «Ազգային սահմանադրությունը» չի կարող բարենորոգել «տաճկահայության» կյանքը, Պոլիսը «Հայաստանից առանձնացած» է։ Րաֆֆին սահմանել է, որ «հայ եղբայրների հոգսը պիտի վերցնի» Կովկասի հայությունը։ Այսինքն, Արևմտյան Հայաստանի «ազատագրումը» Ռուսաստանի առաքելությունն է։

Այս կանխածրագրով է սկսվել հայ ազգային-ազատագրական շարժումը, որի գլուխ են կանգնել Ռուսաստանում կազմավորված Հնչակյան և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները։ Ի՞նչ ավարտ է ունեցել Ռուսաստանի «զինու ուժով» Արևմտյան Հայաստանը ազատագրելու պայքարը, ցավալիորեն հայտնի է, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի անեքսիայով և հայ բնակչության բռնատեղահանությամբ։

Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսուհետեւ Ախալքալակ-Կարս երկաթգիծը բաց է նաև Հայաստանի համար։ Եվ ո՞րն է այսօրվա Հայաստանի ազգային-հայրենասիրական ուժերի արձագանքը։ Նրանք շտապել են գնահատել, որ դա Հայաստանի համար «սիմվոլիկ նշանակություն կունենա, բայց թուրքական ապրանքները կհեղեղեն մեր շուկան»։

Հայաստանի համար Ախալքալակ-Կարս երկաթգծի բացումը, անկասկած, առաջին հերթին «սիմվոլիկա» է, բայց իմաստը, հաշվի առնելով Մոսկվայից հնչող սպառնալիքները, այլ է։ Դա նշանակում է, որ Հայաստանը առնվազն «կարող է այլընտրանք ունենալ»։ Ինչպես նախանցյալ դարավերջին՝ արևմտահայությունը, որ, ցավոք, չօգտագործվեց։