Վլադիմիր Պուտինը պետական այցով կգտնվի Ղազախստանում։ Կրեմլը այդ առթիվ որոշ տեղեկություններ է հրապարակայնացրել։
Ըստ Պուտինի արտաքին քաղաքական հարցերով օգնական Ուշակովի, թեև դիվանագիտական արարողակարգով պաշտոնավարման մեկ շրջանում նախագահը որևէ երկիր պետական մեկ այց է կատարում, իսկ Պուտինը անցյալ տարի Ղազախստան պետական այց կատարել է, բայց «ղազախստանցի գործընկերների խնդրանքով ընդգծվել է երկու երկրների միջև աննախաադեպ բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը»։
Ուշակովը մանրամասնել է, որ այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ, ապա բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն ավելի քան մեկուկես տասնյակ փաստաթղթեր, իսկ Ղազախստանում ԱԷԿ-ի կառուցման հարցով «քննարկումները կշարունակվեն»։
Երկու շաբաթ առաջ Կասիմ Ժոմարթ Տոկաևը Աստանայում հյուրընկալել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են «Հավիտենական եղբայրության մասին» հռչակագիր։
Թուրքիայի նախագահի անմիջական նախաձեռնությամբ մայիսի 15-ին Թուրքմենստան քաղաքում գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողով։ Այդ շրջանակներում կատարվել է «Թուրքական քաղաքակրթական կենտրոնի» հիմնարկեքի արարողություն։
ԹՊԿ առաջնորդները համաձայնել են, որ Աստանայում կկառուցվի «Տափաստանային քաղաքակրթության կենտրոն»։ Տոկաևը, դիմելով Թուրքիայի նախագահին, ասել է, որ ուրախ է նրան «ընդունել նախահայրենիքում»։
ԹՊԿ գագաթաժողովից մոտ մեկ շաբաթ հետո Տոկաևը կազմակերպել է Ոսկե հորդայի պատմությանը, մշակույթին և քաղաքակրթական ժառանգությանը նվիրված գիտա-քաղաքական խորհրդաժողով։ Ղազախստանը պաշտոնապես -անաչվել է Ոսկե հորդայի ժառանգորդ։ Տոկաևը առաջադրել է Ոսկե հորդային պատմության վերագնահատման առաջնահերթություն և ընդգծել, որ «տափաստանային այդ պետությունը ներկայացնել որպես նվաճող, ճիշտ» չէ։
Ոսկե հորդայի մասին Վլադիմիր Պուտինը խոսել է 2023թ․ նոյեմբերին՝ Ռուսաստանի ժողովուրդների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ ռուսական մշակույթի, լեզվի և ավանդույթների հանդեպ Ոսկե հորդան, ի տարբերություն արևմտյան նվաճողների, հանդուրժողական է եղել։
Այն, ինչ Ռուսաստանի նախագահը հռչակել է որպես Ռուսաստանում միջէթնիկական և միջդավանաբանական համերաշխության հիմք, Կասիմ Ժոմարթ Տոկաաևը փաստացի բարձրացրել է միջպետական հարաբերությունների մակարդակի։
Նա, ըստ էության, կոտրել է գիտա-քաղաքակրթական մատրիցան, ըստ որի ոչ միայն ղազախները, այլև Կենտրոնական Ասիայի մյուս ժողովուրդները «պատմականորեն պետություն և քաղաքական ինքնություն չեն ունեցել, միայն խորհրդային իշխանության օրոք են ինքնակազմակերպվել որպես ազգ»։
Տոկաևը, այդպիսով, Վլադիմիր Պուտինին դիմավորում է որպես Ոսկե հորդայի իշխանություն ժառանգորդ։ Մոսկվայի իշխանները Ոսկե հորդայի վասալներն էին, Պուտինը դա խոստովանել է։ Տոկաևը, ամենայն հավանականությամբ, այդ մասին նրան չի հիշեցնի, բայց նրանք կհանդիպեն որպես առնվազն «հավասարներ»։
Պուտինի Ղազախստան պետական այցը համընկնում է ԵԱՏՄ գագաթաժողովին։ Ուշակովը բացահայտել է, որ Պուտին-Տոկաև առանձնազրույցի ժամանակ նրանք «կանդրադառնան Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի մտադրություններին»։ Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը անոնսավորել է, որ ԵԱՏՄ գագաթաժողովում «կքննարկվի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը»։
Ըստ երևույթին, Պուտինը այդ չափազանց դելիկատ հարցում Տոկաևի հետ խորհրդակցելու կարիք է զգացել։ Տրամաբանական է թվում, որ Ղազախստանի նախագահը պետք է Պուտինին համոզի, որ հարցի կացնային առաջադրումը ԵԱՏՄ համար ոչ արդյունավետ է։

Բաց մի թողեք
Պուտինի ուղերձը տեղ է գտնում ֆրանսիական հեռուստատեսությամբ․ Լուսանկարներ
Լավրովը Ռուբիոյին «զգուշացրել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման վտանգի՞ց»
ՌԴ-ն տրամադրված է ՀՀ-ի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա․ Զախարովա