27/05/2026

EU – Armenia

Ինչ էին՝ ինչ դարձան

Ինչքան զազրելի որակներ գեներացրեց 2018-ին իշխանության եկած երիտասարդների խումբը, որն իբրեւ թե մարդու իրավունքների, ժողովրդավարության ջատագովն էր, գալիս էր հանրությանը ծառայելու, պետությունը զարգացնելու:

Հրապարակ թերթը գրել է․ Որոնք իբրեւ թե լավ կրթություն էին ստացել եւ պետք է տարբերվեին նախկին իշխանություններից` իրենց առաջադեմ արեւմտամետ հայացքներով, երիտասարդական ավյունով ու հումանիզմով:

Հետո պարզվեց, որ մարդու իրավունքները շիրմա են, որի քողի տակ պայքարում էին իշխանության գալու համար: Ժողովրդավարությունն ու արդար ընտրությունները կարեւոր էին, որպեսզի իրենց ընտրեն, իսկ երբ արդար ընտրության արդյունքում իրենք չեն ընտրվում, դրանք այլեւս կարեւոր ժողովրդավարական գործիք չեն:

Այնպես, ինչպես Ընտրական օրենսգիրքը վատն էր, քանի դեռ դրա արդյունքում իրենք չէին ընտրվում, իսկ երբ այդ օրենսգրքով սկսեցին իրենք ընտրվել, պարզվեց` շատ էլ լավ օրենսգիրք է, եւ ոչ մի էական դրույթ փոխելու կարիք չկա:

Պարզվեց նաեւ, որ պետությանն անշահախնդիր ծառայելը նշանակում է միլիոնների հասնող աշխատավարձեր ու պարգեւավճարներ: Լավ կրթությունն էլ օգնում է իրենց բոլոր սխալներն արդարացնելու, օրենքներն այնպես վերաձեւելու համար, որ իշխանական վերնախավը պաշտպանված լինի: Իսկ հումանիզմը բացառապես իրենց համակրող մարդկանց ուղղված հատկություն է` սիրում են ՔՊ-ականներին ու ՔՊ սիրողներին: Երիտասարդական ավյունն էլ նրա համար է, որ անհոգնել քարոզարշավ անեն եւ երրորդ անգամ իշխանություն գրավեն, չնայած իշխանության են եկել Սերժ Սարգսյանի` երրորդ փուլ պաշտոնավարումը մերժելու լոզունգների ներքո:

Պատմությունը երեւի այսքան կարճ ժամանակում այսպիսի խայտառակ դեֆորմացիա, նախկին սկզբունքներին ու կարգախոսներին այսպես դավաճանելու ուրիշ դեպք չի հիշում: