27/05/2026

EU – Armenia

Իրական քաղաքականության մեջ դժվար է համատեղել հակադիր կողմերի հետ միաժամանակ «ընկերական» հարաբերություններ ունենալը

Մեղրիում լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է հնարավոր հետընտրական զարգացումներին և քաղաքական լարվածությանը։

Նա պատասխանել է հարցին՝ արդյոք հնարավոր է, որ ընտրություններում պարտության դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձի տարբեր մեխանիզմներով հասնել նոր համապետական ընտրությունների անցկացմանը։

Քոչարյանի գնահատմամբ՝ նման քայլերը կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և առաջացնել հասարակական լարվածության աճ։ Նա նշել է, որ ներկայում հասարակական դաշտում առկա է բարձր մոբիլիզացիա, իսկ քաղաքական կրքերը սրված են։

Քաղաքական գործչի խոսքով՝ նման իրավիճակում օրենքից դուրս գործողությունների կամ ընտրական գործընթացների վերանայման փորձերը կարող են լուրջ ռիսկեր ստեղծել երկրի համար և բերել անկանխատեսելի զարգացումների. «Ինքն իր գլխին մեծ փորձանք կբերի»:

Ասուլիսի ընթացքում լրագրողները հարց են ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Արցախ վերադարձը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքներին համապատասխան հնարավոր է։

Քոչարյանը պատասխանել է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը համարում է անբաժանելի իրավունք և այն չի դիտարկում որպես կոնֆլիկտ ստեղծող հարց՝ համեմատելով այն ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ։

Նրա խոսքով՝ վերադարձի հնարավորությունը սկզբունքային առումով գոյություն ունի, սակայն այս պահին դրա իրականացումը իրատեսական չէ։ Քոչարյանը հավելել է, որ գործընթացի քննարկման հիմնական ուղղությունը պետք է լինի անվտանգ վերադարձի ապահովումը. «Վերադարձ հնարավոր է, այս պահին ռեա՞լ է, թե՞ ոչ, երևի ռեալ չէ։ Խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին»:

Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հարցը՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և միջազգային առաջնորդների հետ հարաբերությունների ընկալման շուրջ։

Քոչարյանը հեգնական ձևով նշել է, որ Փաշինյանին կարելի է ներկայացնել որպես տարբեր երկրների ղեկավարների «ընկեր»՝ ընդգծելով, թե Փաշինյանը կարծես Թրամփի ընկերն է, Պուտինի ընկերն է, Զելենսկու ընկերն է՝ բոլորի ընկերն է։

Նրա խոսքով՝ իրական քաղաքականության մեջ դժվար է համատեղել հակադիր կողմերի հետ միաժամանակ «ընկերական» հարաբերություններ ունենալը։ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ նման մոտեցումը կարող է ընկալվել որպես ոչ հավասարակշռված դիրքորոշում միջազգային հարաբերություններում։

Նա հավելել է, որ նման ձևակերպումները կարող են բացասաբար ընկալվել հատկապես Ռուսաստանում, որտեղ, ըստ նրա, պետական ինքնընկալումը և գերտերության կարգավիճակը շատ բարձր է գնահատվում։ Քոչարյանի խոսքով՝ նման իրավիճակում փոքր պետությունը պետք է զգույշ լինի հարաբերությունների ձևակերպումների և քաղաքական վարքագծի հարցում. «Ես չգիտեմ՝ կենցաղում հնարավո՞ր է ընկեր լինել ակնհայտ թշնամիների հետ, կարող ես միջնորդ լինել՝ դա ուրիշ հարց է, բայց չես կարող ընկեր լինել բոլորի հետ»:

Նա քննադատել է TRIPP նախագծի վերաբերյալ ձևավորված մոդելը՝ այն բնութագրելով որպես ԱՄՆ-ի նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի տարածքում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմանը։

Քոչարյանի խոսքով՝ ներկայացված ձևաչափով ծրագիրը Հայաստանին էական օգուտ չի տալիս, քանի որ, ըստ նրա, նախ անհրաժեշտ է հստակ երաշխիք, որ երկաթուղային կապը կհասնի մինչև Երասխ, մինչդեռ փաստաթղթում նման կոնկրետ պահանջ չկա, և սահմանափակվում է ընդհանուր ձևակերպումներով։

Նա նաև կասկած է հայտնել ԱՄՆ-ի ներգրավվածության իրական շահերի վերաբերյալ՝ նշելով, որ ծրագրի միջոցով հնարավոր է միայն ազդեցության ուժեղացում Իրանի սահմանների մոտ։

Քաղաքական գործիչը զգուշացրել է, որ նախագծի իրականացման դեպքում կարող է լարվածություն առաջանալ Հայաստանի և Իրանի հարաբերություններում։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ընդլայնել ծրագրի շրջանակը, ապահովել ավելի լայն միջազգային մասնակցություն և հաշվի առնել Իրանի վստահության գործոնը։

Քոչարյանը նաև հայտարարել է, որ Իրանը կարող է արձագանքել տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ սահմանային սահմանափակումների կամ այլ քայլերի միջոցով, ինչը կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանի հետ սահմանը ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային կապերի տեսանկյունից՝ ապահովելով ելք դեպի ավելի լայն շուկաներ և միջազգային ուղիներ։

Քոչարյանի համոզմամբ՝ մինչև նման նախագծերի ստորագրումը անհրաժեշտ էր նախապես բանակցել Իրանի հետ և հստակեցնել նրա մտահոգությունները՝ խուսափելու հնարավոր լարվածություններից։