Այսօր՝ Հանրապետության օրն է։
1918 թվականի մայիսի 28-ին, երբ թվում էր՝ պատմությունն արդեն փակել է հայ ժողովրդի վերջին դուռը, Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերից արյունոտ դուրս եկած ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը՝ ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։
Այդ օրը պարզապես քաղաքական ակտ չէր․ դա ժողովրդի կամքի, արժանապատվության ու գոյատևման հրաշքն էր։
Հայաստանի առաջին Հանրապետությունը դարձավ մի կարճ, բայց լուսավոր կայծ, որը հայ ժողովրդին վերադարձրեց պետականության հավատը։ Եվ նույնիսկ եթե այն գոյատևեց ընդամենը երկու տարի, այդ հանրապետությունը դարձավ մեր այսօրվա անկախության հոգևոր ակունքը։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ պետությունը միայն սահման ու իշխանություն չէ։ Պետությունը հիշողություն է, զոհողություն, պատասխանատվություն ու ապագայի հանդեպ հավատ։
Ծանր մաքառումների, սովի, գաղթի ու արյան միջով՝ և հերոսամարտերով հայ ժողովուրդը մահվան եզրից կորզեց իր գոյության իրավունքը և ձեռք բերեց երկար սպասված պետականությունը։
1918-ի մայիսի 28-ը պարզապես անկախության հռչակում չէր․ դա ազգի վերածնունդն էր՝ պատմության մոխիրներից բարձրացող ժողովրդի կամքի հաղթանակը։
Մայիսի 28-ը հայ ժողովրդի ողնաշարի օրերից է՝ հաղթանակի, վերածննդի ու ազգային արժանապատվության խորհրդանիշ։
Այսօր՝ Հանրապետության տոնի օրը, Երևանի Հանրապետության հրապարակում իշխանությունը հերթական անգամ փորձում է պետական խորհրդանիշները վերածել քաղաքական բեմադրության։ ՔՊ-ի կազմակերպած ցուցադրական զորահանդեսը, որի առաջնագծում կանգնած են Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը, ավելի շատ հիշեցնում է նախընտրական քարոզչական շոու, քան պետական արժանապատվության արտահայտություն։
Այն պահին, երբ Հայաստանում արդեն զգացվում է խորհրդարանական ընտրությունների շունչը, իշխանությունը փորձում է ռազմական տեխնիկայի, շարային քայլքի և բարձրագոչ ելույթների միջոցով հասարակության մեջ ստեղծել «ուժեղ պետության» պատրանք։ Սակայն իրականությունը հնարավոր չէ ծածկել տոնական երաժշտությամբ ու զրահամեքենաների աղմուկով։
Հասարակությունը դեռ հիշում է պատերազմի ողբերգությունը, հազարավոր զոհերին, կորցրած Արցախ հայրենիքն ու օկուպացված տարածքները Հայաստանի սահմաններին, ազգային նվաստացման ծանր զգացողությունը։ Եվ այդ ֆոնին իշխանության կողմից «ուժի» ցուցադրությունը շատերի համար ընկալվում է ոչ թե որպես վստահություն ներշնչող պետական քայլ, այլ որպես քաղաքական դիվիդենտ շահելու փորձ։
Պետության հզորությունը հրապարակային շքերթներով չի չափվում։ Այն չափվում է անվտանգ սահմաններով, արժանապատիվ դիվանագիտությամբ, ազգային համախմբմամբ, քաղաքացիների վստահությամբ ու վաղվա օրվա հանդեպ հավատով։ Իսկ երբ հասարակության ներսում խորանում են անվստահությունն ու հիասթափությունը, ամենաշքեղ զորահանդեսն անգամ կարող է վերածվել դատարկ դեկորացիայի։
Մայիսի 28-ը հայ ժողովրդի վերածննդի ու պետական կամքի օրն է։ Այդ օրը պետք է միավորի հասարակությանը պատմության, հիշողության ու արժանապատվության շուրջ, ոչ թե վերածվի իշխանության ինքնագովազդի հարթակի։
Փառք բոլոր նրանց, ովքեր 1918-ին մահվան եզրից վերադարձրին Հայաստանը։

Բաց մի թողեք
Ֆոն դեր Լեյենը առաջարկում է վերանայել Բալթյան երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը
Բալթյան երկրների անօդաչու թռչող սարքերի ներխուժումները ԵՄ անվտանգությունը փորձարկում են, զգուշացնում է ֆոն դեր Լեյենը՝ հիբրիդային սպառնալիքների սրման ֆոնին
Ռեյկյավիկի կրճատում. Իսլանդիան վերսկսում է ԵՄ-ի շուրջ բանավեճը