Հայաստանում առաջիկա ամիսներին քաղաքական և արտաքին հարաբերությունների ոլորտում էական զարգացումներ կարող են տեղի ունենալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի գնահատմամբ՝ հատկապես ուշադրության կենտրոնում են լինելու Սահմանադրության փոփոխության գործընթացը, Տիգրանաշենի հարցը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքը։
Պատգամավորի խոսքով՝ առաջիկա երկու-երեք ամիսներին հնարավոր են նշանակալի փոփոխություններ նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Նրա գնահատմամբ՝ որոշակի նոր զարգացումներ կարող են արձանագրվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
Խամոյանը այս գործընթացների համատեքստում առանձնացնում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը։ Նրա կարծիքով՝ նախկին նախագահի նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի և նպատակ է հետապնդում թուլացնել այն հնարավոր դիմադրությունը, որը կարող է ձևավորվել իշխանության նախատեսած օրակարգերի նկատմամբ։
Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ ընդգծել է, որ Քոչարյանի կալանավորումը չի նշանակում, թե ընդդիմությունը պատրաստվում է հրաժարվել իր դիրքորոշումներից։ Նրա համոզմամբ՝ իշխանության առաջադրած քաղաքական օրակարգը լինելու է ընդդիմության դիմադրության առարկա, և այդ պայքարը շարունակվելու է նաև ստեղծված սահմանափակումների պայմաններում։
Խամոյանի գնահատմամբ՝ առաջիկա զարգացումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքի, այնպես էլ երկրի արտաքին քաղաքական հարաբերությունների վրա։

Բաց մի թողեք
Հակասությունների ևս մեկ պատճառ
Փաշինյանին դա չի կանգնեցնի
«Կլյուչնիկի» և բանտարկյալի միջև ազնիվ մրցակցություն լինել չի կարող․ Սուրենյանց