Ընտրություններում հաղթանակի առթիվ Նիկոլ Փաշինյանին, երևի, առաջինը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևն է շնորհավորել, երկու օր հետո՝ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Ղազախստանը և Ղրղըզստանը ԵԱՏՄ անդամ են։ Տոկաևը և Ժապարովը մայիսի 29-ին մասնակցել են Հայաստանի «եվրոպական ձգտումների» հարցով Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած փակ քննարկումներին, որից հետո Կրեմլը տարածել է «համատեղ հայտարարություն», որը Հայաստանին կոչ է անում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել, թե տնտեսական ինտեգրացիայի ո՞ր կառույցին է տալիս նախապատվությունը։
Դեռևս այդ ժամանակ էինք նկատել, որ այդ «հայտարարության» տեքստը Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում՝ akorda.kz-ում բացակայում է և ենթադրել, որ այն Աստանայի համար պաշտոնական փաստաթուղթ չէ։
Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահների շնորհավորական ուղերձները կողմնակի ապացույց են, որ Հայաստանին ԵԱՏՄ-Եվրամիություն ընտրության պարտադրանքը բացառապես ՌԴ նախագահի «քմահաճույքն» է։
Երևում է, Կրեմլում Տոկաևի և Ժապարովի «օպորտունիզմը» խիստ նյարդային են ընկալել։ Ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ Մոսկվան հունիսի 12-ից արգելում է իր տարածքով Հայաստանից ԵԱՏՄ երկրներ «կարանտինային ապրանքների արտահանումը»։
Փաստացի Ռուսաստանը տնտեսական «պատերազմ է հայտարարել» Ղազախստանին և Ղրղըզստանին՝ այդ երկրներին արգելելով առևտրա-տնտեսական «սեպարատ» հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ։
Այդ որոշումը, որքան էլ փորձ արվի գտնել դիվանագիտական «նրբասացություններ», բացահայտում է, որ ԵԱՏՄ-ն ոչ թե ինքնիշխան երկրների տնտեսական ազատ ինտեգրացիայի, այլ եվրասիական տարածքի մի զգալի մասում Ռուսաստանի շահերի իրացման կառույց է, որ ստեղծվել է բացառապես քաղաքական նպատակով։ Այն է՝ թույլ չտալ, որ հետխորհրդային երկրները հարևանների և Եվրամիության հետ լիարժեք տնտեսական համագործակցության և հանրային բարգավաճման հասնեն։
Հայաստանը ի՞նչ ծավալի և նոմենկլատուրայի ապրանքներ է արտահանում Ղազախստան և Ղրղըզստան, էական չէ։ Խնդիրը այն է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական կապերի առջև «ուղեփակոց» է դնում, բայց վերջին որոշումը արդեն շոշափում է նաև Ղազախստանի և Ղրղըզստանի, գուցե թե՝ նաև Բելառուսի ոչ միայն շահերը, այլև պետական հեղինակությունը։
Ինչպե՞ս կարձագանքեն Աստանան և Բիշքեկը։ Մի՞թե Ռուսաստանը խնդիր է դրել, որ ԵԱՏՄ-ն կազմացրվի։

Բաց մի թողեք
«Ռուսաստա՛ն, Պուտի՛ն, Հաղթանա՛կ». Վոլոդինի այս կարգախոսը Պետդումայի պատգամավորները չեն սկսել վանկարկել
Ինչո՞ւ Թրամփը նորից սկսեց պատերազմը Իրանի դեմ
Տոկաևը «չի հասկանում», թե սլավոնական եղբայր ժողովուրդները ինչո՞ւ են «իրար մորթում»