15/06/2026

EU – Armenia

Ինձ չի անհանգստացնում այն, որ մենք 50 տոկոս չենք հավաքել, իսկ գները կբարձրանան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայմանը՝ նշելով, որ փոփոխությունները կապված են գնաճի ճշգրտումների հետ, իսկ հարկի բարձրացումը կազմելու է շուրջ 3 տոկոս։

Նախարարի խոսքով՝ ակցիզային հարկերի փոփոխությունների գործող ծրագիրն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, ուստի կառավարությունը պետք է ներկայացնի նոր ծրագիր, որը կգործի 2027 թվականից հետո։

Միաժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ որոշ ապրանքատեսակների դեպքում ակցիզային հարկը կնվազի։ Որպես օրինակ նա մատնանշել է մրգօղիներն ու կոնյակը։

Սակայն փաստ է, որ կառավարության նախաձեռնության արդյունքում մի շարք ապրանքների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձրանան։ Մասնավորապես, փոփոխությունները կվերաբերեն ծխախոտային արտադրանքին, ալկոհոլային խմիչքներին, բենզինին և դիզվառելիքին, ինչը կարող է հանգեցնել այդ ապրանքների թանկացման։

Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ իրեն չի անհանգստացնում այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել ձայների 50 տոկոսը։

Նրա խոսքով՝ այդ հանգամանքը նույնիսկ դրական է գնահատում։ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք խնդրահարույց չէ, որ իշխող քաղաքական ուժը խորհրդարանում միանձնյա մեծամասնություն չի ձևավորել․ «Ինձ չի անհանգստացնում այն, որ մենք 50 տոկոս չենք հավաքել, ընդհակառակը՝ ուրախացնում է»։