Անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ձերբակալված ևս ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման՝ Իրանից թմրանյութեր տեղափոխելու և տարածելու, կիբերխարդախության մեղադրանքով։
Նրանք են՝
Դմիտրի Ֆյոդորով – 3 տարի
Անտոն Դրաչև – 4 տարի
Դմիտրի Բեզուգլի – 4 տարի
Իլյա Բեզուգլի – 3 տարի
Սերգեյ Սոֆրոնով – 4 տարի
Վալերի Դուլով – 4 տարի
Բորիս Տիմոշով – 3 տարի
Ալեքսեյ Վասիլչենկո – 3 տարի
Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները անցյալ ամռանը ձերբակալել էին ռուս ՏՏ մասնագետների և զբոսաշրջիկների։
Բաքվում ավարտվել է շուրջ մեկ տարի առաջ «Իրանից թմրանյութերի ներմուծման և տարածման, ինչպես նաեւ կիբերհանցավորության միջոցով 98 հազար մանաթ յուրացնելու» կասկածանքով ձերբակալված՝ ՌԴ մի խումբ քաղաքացիների դատավարությունը։ Այդ մասին հայտնել է «Կոմերսանտը»՝ հղելով ադրբեջանական minval.az կայքին։
ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Սոֆրոնովը, Անտոն Դաչևը, Դմիտրի Բեզուգլին և Վալերի Դուլովը դատապարտվել են չորս, իսկ Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլին՝ երեք տարվա ազատազրկման։
Ռուսաստանի քաղաքացիները Բաքվում բնակվել են վարձակալած բնակարաններում, հանդիսացել են ՌԴ-ում գրանցված՝ համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող ընկերության աշխատակիցներ։ Ադրբեջանի ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել ուժի գործադրմամբ։ Տարածված տեսանյութերը վկայել են, որ ձերբակալվածների դեմքերին կան կապտուկներ, արյան հետքեր, իսկ մեկի ճակատին առկա է եղել բաց վերք։
Այդ զանգվածային ձերբակալությունը և մեղադրանքի առաջադրումը հաջորդել է ՌԴ Քննչական կոմիտեի և ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցների կողմից Եկատերինբուրգում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությանը, որի ընթացքում երկու մարդ մահացել է։ Ըստ պաշտոնական վարկածի, նրանից մեկի մոտ «արձանագրվել է սրտի կանգ»։ Ադրբեջանական կողմը պնդել է, որ «երկու մարդ մահացել է դաժան ծեծի հետևանքով»։
Բաքվի իշխանական մամուլը հատկապես կարևորել է ՌԴ Քննչական կոմիտեի ձևակերպումը, որ «վնասազերծվել է էթնիկ հանցավոր խումբ»։ Ադրբեջանական կողմը այդ որակումը համարել է «ազգային խտրականության դրսևորում»։ Պաշտոնական Բաքուն գլխավոր դատախազության միջոցով նախապես պահանջել է, որ Եկատերինբուրգի գործի քննությանը ներգրավվեն նաև Ադրբեջանի դատախազության քննիչները, բայց Մոսկվայից ստացել է մերժում։
Բաքվում դատապարտված ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում Մոսկվայի հրապարակային դիրքորոշումը հայտնի չէ։ Ադրբեջանական մամուլում տեսակետ է տարածվել, որ Ռուսաստանում նրանք «ճանաչված են որպես զինապարտությունից խուսափածներ»։ Ըստ երևույթին, այդ տեղեկությունը որաշակի հիմք ունի։
ՌԴ ԱԳՆ-ն դեռևս Ռուսաստանի ութ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական դատարանի կայացրած որոշմանը չի անդրադարձել։ Կարելի է ենթադրել, որ նրանց հարցը Մոսկվան և Բաքուն կքննարկեն «փակ խողովակներով»։ Եկատերինբուրգի գործով կալանավորվածները դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, դատարանը նրանց ներկայացված մեղադրանքը, այն է՝ մարդասպանության պատվեր և իրականացում, ապացուցված է ճանաչել։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հազիվ թե կողմերը հանգեն դատապարտյալների փոխանակման։


Բաց մի թողեք
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, կալանավորվել է. Լուսանկար
Աննա Մկրտչյանի հայրը ձերբակալվել է․ քննվելու է կալանքի հարցը. Լուսանկար
Գողերը մտել են Քարդաշյանի տուն ու թալանել