«Էմ Փի Ջի» ՍՊԸ՝ «Գելափ Արմենիա» ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը 5 դատական հայց է ներկայացրել դատարան` Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:
Հրապարակ թերթը գրել է․ Նա ոչ մի կերպ չի կարողանում հանդուրժել այն, որ Բագրատյանը չի վստահում իր ընկերությանը, նրա այն կարծիքը, թե ընկերությունը սուտ թվեր է հրապարակում ու, առհասարակ, կեղծ «Գելափ» է, որը կապ չունի ամերիկյան հայտնի բրենդի հետ: Hraparak TV-ի եթերում անցյալ տարվա մարտի 30-ին Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «Գելափին» «ասում են թվեր, նա սարքում ա, փողը տալիս են, սարքում են»:
Մենք հետաքրքրվեցինք Հրանտ Բագրատյանից, թե այս պահին քանի դատ ունի «Գելափ Արմենիայի» հետ, ու ինչ փուլում են դրանք գտնվում: «Նա 5 հայց ունի՝ մեզ հետ կապված: Մեկը, որը կապված է Ձեր թերթի հետ, առաջին ատյանի դատարանը ճանաչել է, որ նա մասամբ իրավացի է, ես նրան պետք է տամ 200 հազար դրամ եւ խոսքս փոխեմ: Այդ դատը մենք բողոքարկել ենք, հիմա վերաքննիչ դատարանում է: Մյուս հայցով ճանաչել են, որ ես եմ իրավացի, եւ այդ դատով նա պետք է մեզ 100 հազար դրամ տա: Եվս 3 գործ սպասում է իր ճակատագրին, քննության փուլում է, ապացույցներ ներկայացնելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Վերջին վճիռը, որով «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի հայցը դատարանը մերժել է, կայացվել է հուլիսի 15-ին: Դատարանն արձանագրել է, որ հասարակության շարքային անդամը, լսելով Բագրատյանի հայտարարությունը «Գելափի» մասին, չի զգա, որ այն իրականում հասցեագրված է անմիջականորեն հայցվոր «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ին, կամ էլ՝ որ հենց նա է հանդիսացել քննադատության թիրախը: «Էմ Փի Ջի» ՍՊ ընկերության վերաբերյալ քաղվածքն ուսումնասիրելով, դատարանը եզրակացրել է՝ հիմնավորվում է, որ հայցվորն իրավաբանական անձ է, «ուստի նաեւ չի կարող համարվել, որ «Գելափ»-ի ներկայացուցչությունն իրականացնողն է ՀՀ-ում»: Փաստորեն, դատարանի որոշմամբ քանդվեց միֆը, որը տարիներ շարունակ ակտիվորեն տարածվում էր՝ որ «Գելափ Արմենիա»-ն որոշակի կապ ունի սոցհարցումներում մասնագիտացված Gallup Inc՝ «Գելափ ինքորփորեյշն» ամերիկյան ընկերության հետ, վերջնիս ստեղծած ասոցիացիայի ներկայացուցիչն է Հայաստանում:
Դիմելո՞ւ է արդյոք Արամ Նավասարդյանը վերաքննիչ, դեռ չգիտի: Խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել իր իրավաբաններին եւ առհասարակ խոստանում է հետեւողական լինել եւ դիմել դատարան բոլոր նրանց դեմ, ովքեր, ինչպես ինքն է գտնում, անհիմն մեղադրանքներ կտարածեն իր կամ իր ընկերության հասցեին: «Ի՞նչ եք առաջարկում. կոպալն առնեմ՝ ընկնեմ նրանց հետեւի՞ց: Լուծումը ո՞րն է, ձեր կարծիքով: Ես հստակ հրաման եմ տվել իմ իրավաբաններին, որ ամեն անգամ դիմեն դատարան: Ես Սամվել Կարապետյանին էլ եմ դատի տվել: Ինձ համար կարեւոր չէ, ընդդիմադիր գործիչ է, թե ոչ: Ես չեմ կարող հրապարակել տվյալներ, որոնք բոլորին դուր են գալիս»,- ասաց նա:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Գելափ Արմենիան» հանրային տրամադրությունների եւ կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ հարցումներ էր արել եւ ստացել, որ խորհրդարան է անցնելու ոչ թե 3, այլ՝ 5 ուժ, որ ընտրություններին մասնակցելու է ոչ թե ընտրողների 58.9 տոկոսը, այլ՝ 65.4: Ընտրությունների վերջնական պաշտոնական պատկերն էապես տարբերվեց նախապես նրանց նկարագրածից: ԲՀԿ-ն ոչ թե 8,8 տոկոս հավաքեց, ինչպես կանխատեսում էր «Գելափ Արմենիան», այլ՝ 3.98, «Միասնության թեւերը»` ոչ թե 6,2, այլ՝ 2.29, «Հայաստան» դաշինքը՝ ոչ թե 15,2, այլ՝ 9,92, «Ուժեղ Հայաստանն» էլ՝ ոչ թե 16,4, այլ՝ 23,27: Ահա այսպիսի խիստ էական տարբերություններ ունեցանք սոցհարցումների եւ վերջնական արդյունքների միջեւ:
«Գելափ Արմենիայի» թվերը ճիշտ են, թե սուտ, դատեք ինքներդ, չնայած պետք է հաշվի առնել, որ ոչ մի «Գելափ» չէր կարող հաշվարկել կեղծումների, ԿԸՀ ապօրինի որոշումների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաեւ՝ ՔՊ-ի կողմից ահռելի վարչական ռեսուրսի ներգրավումը, քրեական պատժամիջոցների ու կալանավորումների ազդեցությունը: Հենց այս պատճառներն էլ նշեց Ա. Նավասարդյանը մեզ հետ զրույցում:

Բաց մի թողեք
Չեմ բացառում, որ ՍԴ-ն կայացնի դիմումը մասնակի բավարարելու որոշում. Գեւորգ Դանիելյան
Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում
ԴՕԿ-ը դիմելու է ՍԴ, որ իրենց դիմումն անջատ քննվի