Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները:
«Հրապարակ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ով պատգամավորի թեկնածու Ազատ Արշակյանի հետ։
– Ի՞նչ հիմքերով է ձեր քաղաքական ուժը դիմել ՍԴ։
– Երկու փաստ կա, մեկը` ընտրակաշառքների, խախտումների մասին իրավապահ մարմինների հայտարարությունները, եւ երկրորդը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը` այդ հայտարարությունների վերաբերյալ։
– Այսինքն, մյուս ուժերը ՍԴ-ում երբ վիճարկում են վարչական լծակների կիրառումը, այս մասով դուք խնդիրներ չե՞ք տեսնում։
– Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ վարչական լծակներ չեն կիրառվել, իշխանությունն անգործության է մատնվել։ Մենք այստեղ մյուս ՍԴ դիմողների հետ տարբեր բեւեռներում ենք, մենք գործընկեր չենք, իրար խանգարող ենք։ Մեր կարծիքով, օրինակ, 2008-ի մարտի 1-ի գործով դատավճիռ ունեցող քաղաքական ուժերը պետք է չմասնակցեին ընտրություններին, իշխանությունը զավթելու մասով, օրինակ, ԲՀԿ-ն ունի դատավճիռ, նրանք չպետք է մասնակցեին, բայց մասնակցել են։ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները չպետք է մասնակցեին, իշխանությունը պետք է արգելեր նրանց մասնակցությունը, բայց իշխանությունը թույլ է տվել անգործության հետեւանքով, ավելին՝ իշխանությունը նրանց ընտրել է որպես գործընկեր, այ, դրա դեմ ենք բողոքում։
– Բայց 2008-ից հետո առաջին տարին չէ, որ ԲՀԿ-ն մասնակցել է ԱԺ ընտրություններին, ինչո՞ւ նախկինում այս հարցը չեք բարձրացրել։
– Ես համարում եմ, որ այդ ամբողջ ընթացքում, կարելի է ասել, 20 տարի Հայաստանում ապօրինություն է տիրում, իշխանությունը զավթված է եղել օտարերկրացիների կողմից։
– Ձեր կուսակցության հավաքած ձայները բավականին քիչ էին՝ 6 հազար 754։ Կարծում եք, որ եթե ձեր ասած ուժերը չմասնակցեին ընտրությանը, դուք ԱԺ-ում կլինեի՞ք։
– Եթե արդար, թափանցիկ ընտրություններ լինեին, շանս կունենայինք։ Դուրս մնացած կուսակցություններից ցանկացածը այդ շանսից զրկվել է։ Այսինքն՝ ընտրությունները մրցակցային չեն եղել, այսինքն՝ ժողովրդի ազատ կամքը չի դրսեւորվել։ Ընտրակաշառքի գործով 300-ից ավելի քրեական գործ կա։
– Բայց չկան դատավճիռներ, չկա նաեւ օրենքով ապացուցված հանցանք։
– Այդ դեպքում միեւնույն է՝ ընտրությունները մրցակցային եւ արդար չեն եղել, որովհետեւ թեկնածուներից մի քանիսը հատուկ իշխանությունը վարկաբեկելով կամ զրպարտելով է խախտել արդար ընտրությունների իրավունքը։ Եթե զրպարտություն են պետական մարմինների կողմից հայտարարված ընտրակաշառքի դեպքերը, դա նույնպես ազդում է ընտրությունների արդյունքների վրա, եթե ճիշտ են, կրկին ազդել են ընտրությունների վրա։
– Ձեր կարծիքով, որոշ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ԲՀԿ-ից ձայների գողություն չէ՞ր։
– Ես մտածում եմ, որ դա ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սխալ աշխատանքի արդյունք է։ Դա ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն շատ վատ է կազմակերպել ընտրությունները, դրան գողություն ասենք, թե թալան, միեւնույն է՝ ԿԸՀ-ն բավարար չափով ջանք չի թափել՝ ընտրությունները կազմակերպելու համար։
– Շատերը ձեր քաղաքական ուժին համարում են իշխանությունների կցորդը։ Դուք ձեզ ընդդիմադիր համարո՞ւմ եք։
– Չէ, մենք ընդդիմադիր չենք, ես՝ ինքս կարծում եմ, որ շատ հարցերում համաձայն ենք իշխող ուժի հետ։ Օրինակ, ԵՄ-ի շուրջ ունեցած դիրքորոշման հետ, այսինքն՝ արտաքին հարաբերություններում վարած քաղաքականության հետ ես համաձայն եմ։
– Արցախի կորստի հետ է՞լ եք համաձայն։
– Արցախի մասով ես համաձայն եմ, որ դա արել է Ռուսաստանը, հանձնողը Ռուսաստանն է։
– Նիկոլ Փաշինյանն էլ արցախցիներին ասում է թռածներ, մեղադրում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ։
– Չէ, Արցախի ժողովուրդը զոհն է։ Մեր հայրենիքը մեզնից 2 անգամ խլեցին, առաջին անգամ՝ 1921-ին, իսկ երկրորդ անգամ՝ 2023-ին։ Մենք զոհ ենք։ Եթե որեւէ հայի մեղադրում են, դա զրպարտություն է։

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ