24/06/2026

EU – Armenia

Թբիլիսիի «լոյալ վերաբերմունքի դիմաց Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի համար հատուկ կարգավիճակի

Հարավային Օսեթիայի «նախագահ» Ալան Գագլոևը ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջարկը և հունիսի 23-ին նշանակվել ՌԴ նախագահի խորհրդական։

Այդ մասին Գագլոևը հայտարարել է անձամբ։ Նա վստահություն է հայտնել, որ մայիսի 9-ին Մոսկվայում իր և Պուտինի ստորագրած՝ «Խորացված ինտեգրացիայի մասին», պայմանագիրը հնարավորություն է, որպեսզի «Հարավային և Հյուսիսային Օսեթիան միավորվի»։

Գագլոևը փաստացի անոնսավորել է Ռուսաստանի կազմում Օսեթիայի միավորումը, որի մասին, ինչպես նա է արտահայտվել, «երազել են հերոսական նախնիները»։ Որքանով հասկացվում է, Հարավային Օսեթիայում «նախագահի» ընտրություններ չեն անցկացվի, այդ պարտականությունները կկատարի «կառավարության նախագահ Մարատ Կամբոլովը»։

Ռուսաստանի կազմում «միասնական Օսեթիայի» ստեղծումը չափազանց ծանր հարված է «Վրացական երազանք» կուսակցությանը, որ 2024թ․ խորհրդարանական ընտրություններում հաջողության է հասել նաև այն քարոզչության շնորհիվ, որ ուկրաիանական հակամարտության հարցում Թբիլիսիի «լոյալ վերաբերմունքի դիմաց Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի համար հատուկ կարգավիճակի միջոցով աջակցել կոնֆեդերատիվ Վրաստանի կայացմանը»։

Եվրոպամետ ընդդիմությունը, բայց հատկապես նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիին սուր քննադատության են ենթարկել «ընտրողներին բացահայտ կեղծիք ներշնչելու» համար և հիմնավորել, որ Ռուսաստանը «օկուպացված տարածքները երբեք ինքնակամ չի վերադարձնի»։ Այդ կանխատեսումը այսօր Հարավային Օսեթիայի մասով իրականություն է։

Ի՞նչ է սպասվում Աբխազիային։ Անցած աշնանը Սուխումիում հակառուսական ցույցեր են կազմակերպվել։ Երևում է, ՌԴ իշխանություններին առայժմ չի հաջողվում աբխազական վերնախավում «միավորման աջակիցներ» գտնել։ Սուխումիում շարունակում են պնդել, որ Աբխազիան «միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն» է։

«Վրացական երազանքի» կառավարությունը հանդես է գալիս «խաղաղ-բանակցային միջոցներով Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու առաջնահերթությամբ»։ Ռուսաստանի ԱԳՆ-ն համարում է, որ Վրաստանը, որպես Աբխազիայի հետ «չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրի»։ Պաշտոնական Թբիլիսին այդ առաջարկությունը մշտապես մերժել է։

Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի փաստացի անեքսիան ինչպե՞ս կազդի ռուս-վրացական հարաբերությունների վրա՝ կանխատեսելի է։ Հավանական է, որ Վրաստանի ընդդիմությունը կփորձի «փողոցային շարժում» սկսել։

Բայց շատ ավելի կարևոր է աբխազական վերնախավի և Սուխումիի դե-ֆակտո իշխանությունների մոտեցումը։ Ռուսաստանը հազիվ թե Աբխազիայի հետ իրավահավասար հարաբերություններ հաստատի։ Սուխումին կընդունի՞ «կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»։