30/06/2026

EU – Armenia

Արամ Սարգսյանն էր ցանկանում դաշինք ՔՊ-ի հետ` մենք չունենք դրա կարիքը

«Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է»,- երեկ տված հարցազրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով ընտրություններում արևմտամետ ուժերի ձախողմանը՝ նա նշել է, որ համաձայն չէ այդ ձևակերպման հետ` իր համար հաղթանակը քաղաքական ուղեգծի պահպանումն էր։ «Ես ասել եմ, որ մեր հաղթանակը կհամարեմ, եթե Հայաստանի քաղաքական ուղեգիծը չփոխվի և ռուսական ազդեցության քաղաքական ուժերը չգան իշխանության։ Եվ ես համարում եմ, որ այսօր Ռուսաստանի նման կարգի միջամտության, ընտրական տուրիզմի ներդրման, փողային նման ներհոսքի ներմուծման Հայաստան և ընտրակաշառքի բաժանման պարագայում, երբ մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել և «ոչ» ասել ռուսական ուղղությանը, դա նաև իմ հաղթանակն է, դա նաև արևմտյան թևի հաղթանակն է, որն իրականություն դարձավ», – ասել է նա։

Սարգսյանի խոսքով, արևմտամետ թևի ամբողջական միավորումը կարող էր իրականացնել միմիայն իշխանությունը, ինչը տեղի չունեցավ, քանի որ ՔՊ-ն որդեգրել է «բալանսավորման» քաղաքականություն։ Ըստ Սարգսյանի՝ չնայած Ռուսաստանը չի կարողացել իրեն ձեռնտու ուժերին իշխանության բերել, սակայն կարողացել է ձևավորել իր շահերը սպասարկող հստակ բևեռ Հայաստանի խորհրդարանում։ Նա նոր ձեւավորվող Ազգային ժողովի կառուցվածքը բնութագրել է հետևյալ կերպ. «Ձևավորվեց խորհրդարան, որտեղ կա «Քաղաքացիական պայմանագիրը» և կան ակնհայտորեն ռուսամետ կողմնորոշման ընդդիմադիր ուժեր»։

Այս ուժերի գործունեությունը, ըստ նրա, ուղղված է լինելու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մշտական օրակարգում պահելուն և իշխանության ցանկացած քայլ քննադատելուն։ Ըստ նրա, չունենալով գործադիր իշխանություն, ՌԴ-ն ներքաղաքական դաշտում կշարունակի գործել խորհրդարանական ընդդիմության միջոցով՝ առաջ մղելով իրեն ձեռնտու թեզեր։

Արևմտյան թևի ուժեր ասելով Սարգսյանը ո՞ր քաղաքական ուժերին նկատի ունի: «Հանուն Հանրապետության» ցուցակով ընտրություններին մասնակցած Ազատ Արշակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Սարգսյանի հայտարարության մանրամասներին. «Գուցե եղել է նման առաջարկ Նիկոլ Փաշինյանին, սակայն ես դրանից տեղյակ չեմ»:

Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն էլ մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե` որ ուժերի մասին է խոսել Արամ Սարգսյանը, որ ուժերի եւ ՔՊ-ի միջև են ցանկացել կոալիցիա ստեղծել, որը չի ձեւավորվել, նկատեց. «Իմ առաջարկը եղել է Եվրադաշինքի պահպանումը, Արամ Սարգսյանն ինքն է առաջարկել Փաշինյանին, որպեսզի հենց իր կուսակցությունը մասնակցի ՔՊ-ի հետ: Մյուս ուժերի մասին չի եղել խոսք: Նրա ելքը Եվրադաշինքից հենց դրանով էր պայմանավորված: Նա ցանկանում էր դաշինք ՔՊ-ի հետ, իսկ մենք չունենք դրա կարիքը, այդ պատճառով էլ «Հանրապետություն» կուսակցությունը Եվրադաշինքից դուրս եկավ, և ՔՊ-ի հետ դաշինքի մեջ մտավ»: