Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցրել են գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ Թուրքական մամուլը հրապարակել է փաստաթղթի դրույթները։ Աչքի է զարնում երկու հանգամանք:
Դաշինքը Ռուսաստանը համարում է «սպառնալիք» և միաժամանակ պարտավորվում շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Կարելի է համարել, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի տպավորությունը, որ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցում «դիրքորոշում չի փոխել», իրականությունից զգալիորեն հեռու է։
Ասվածի վկայություն է ոչ միայն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կոմյունիկեն, այլև ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի մասին առայժմ հատվածական տեղեկություններից հետևում է, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հանդեպ վերաբերմունքը ակնհայտորեն փոխել է։
Ըստ մամուլի, ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հարվածները գնահատել է «էսկալացիա, որ կարող է օգնել պատերազմի դադարեցմանը»։ Պարզ ասած, Թրամփը ուկրաինական այդ հարվածները գնահատել է Ռուսաստանի «նկրտումները զսպող»։ ԱՄՆ նախագահը պարզորոշ ասել է, որ Ուկրաինան «կարող է Patriot արտադրել» և հավաստիացրել, որ «լիցենզիան կտրամադրվի»։
Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ այդ հրթիռները Ուկրաինային հնարավորություն կտան Ռուսաստանի «բալիստիկայից օդը պաշտպանել»։ Թրամփը ասել է, որ եթե նույն առաջարկը շատ երկրների արվի, նրանք «կզարմանան, իսկ ուկրաինացիները գյուտարար են, կարող են իրենք արտադրություն կազմակերպել»։ Հասկացվում է, որ անցած ժամանակահատվածում «ուկրաինացի գյուտարարները» ԱՄՆ-ում արդեն պատրաստություն են անցել և, ինչպես Թրամփն է հավաստիացրել, «մոտակա երկու -երեք ամսում» կարող են Patriot հրթիռներ ունենալ։
Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել՝ հայտարարելով, որ «անհրաժեշտ պահի» կարող է այցելել Կիև։ Ընդ որում, նա ռուս-ուկրաինական կարգավորման որևէ դեդլայն չի սահմանել, իսկ Զելենսկու հետ հանդիպումն սկսել է «կգնայի՞ք Մոսկվա» հարցով, ինչին Ուկրաինայի նախագահը պատասխանել է: «Դժվար է, այնտեղ չափից դուրս շատ ուկրաինական ԱԹՍ-եր» են։
Եթե ՆԱՏՕ-ի գագաթաժողովը գումարվել մեկ-մեկուկես ամիս առաջ, ապա ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների միջև նման «հումորային երկխոսություն» չէր կայանա։ ՆԱՏՕ-ն որոշել է ընթացիկ և եկող տարվա ռազմական կարիքների համար Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի աջակցություն հատկացնել։ ԱՄՆ-ը, կարծես, «երաշխավորում» է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, ինչպես նաև «խարախոսում» Ռուսաստանի խորքային թիրախավորումները։
ԱՄՆ նախագահը Զելենսկու հետ հանդիպումից հետո ասել է, որ պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Հուլիսի 4-ին Պուտինը նրան վստահեցրել է, որ ռազմաճակատում «նախաձեռնությունը մնում է Ռուսաստանի ձեռքին»։ Այդ հավաստիացումը, երևի, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում «իրեն չի արդարացրել»։ Ռուսաստանի նախագահը կանսա՞ շփման առկա գծով հրադադարի առաջարկությանը, թե՞ կիրականացնի Կիևի «որոշումներ ընդունող կենտրոնների ոչնչացման» սպառնալիքը։ Այլևս պարզ է, որ Դոնալդ Թրամփը միջնորդ չէ, այլ՝ հաղթողի կողքին կանգնելու պատրաստ «մարտավկա»։

Բաց մի թողեք
Թուրքիան Ուկրաինային «ռազմական աջակցություն կցուցաբերի», բայց «խաղաղության համար պետք է Ռուսաստանին խրախուսել»
Ռուսաստանի «խաթարված հեղինակությունը կարող է միայն ԱՄՆ-ը փրկել»
Բայրամովը նորություններ է հայտնել սահմանազատման, «էքսկլավային գյուղերի», TRIPP-ի մասին