16/07/2026

EU – Armenia

Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում լրջագույն խնդիրներ ունի

Շաբաթասկզբից Կարաչաևո-Չերկեսիայում զանգվածային ձերբակալություններ են իրականացվում։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տեղի վարչությունից հայտնել են, որ բերման են ենթարկվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են «Աթ-Թաքֆիր վալ -Հիջրա» գաղտնի կազմակերպության 65 անդամներ, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, «օպերատիվ-որոնողական գործողությունները շարունակվում» են։

Ռուսաստանում գործող իրավապաշտպան Վիտալի Պոնոմորևը այդ տեղեկատվության իսկությանը կասկածել է, քանի որ «ԱԴԾ-ն այդ անձանց կոնկրետ հակաօրինական քայլերի մասին ոչ մի փաստ չի վկայակոչել, իսկ ծայրահեղական անվանված այդ կազմակերպության գոյության մասին ոչինչ հայտնի» չէ։

Իրավապաշտպանը կարծիք է հայտնել, որ «ձերբակալությունները կատարվել են, որպեսզի մարդկանց ուղարկեն ռազմաճակատ»։

Նա ասել է, որ իրեն հայտնի են «տասնյակ դեպքեր, երբ Չեչնիայում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար անձին «արձանագրություն կազմելու համար հրավիրել» են ոստիկանության բաժին, իսկ այնտեղից՝ զինկոմիսարիատ և ուղարկել Դոնբաս»։

Անշուշտ, Պոնոմորևը մասնավոր կարծիք է հայտնել։ Հնարավոր է, Կարաչաևո-Չերկեսիայում, իրոք, «իսլամական ծայրահեղականության ընդհատակ է գործում»։ Բայց դա ևս վկայում է, որ Հյուսիսային Կովկասի իսլամադավան հանրապետություններում իրավիճակը, մեղմ ասած, անկայուն է։

Շատ ուշագրավ է, որ Կարաչաևո-Չերկեսիայում զանգվածային ձերբակալությունները սկսվել են հուլիսի 8-ին Շուշիում անցկացված «միջազգային գիտաժողովից» հետո, որի ամփոփոիչ փաստաթղթում մասնակիցները Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել ճանաչել «չերքեզների ցեղասպանությունը»։

Մեծ է հավանականությունը, որ «Աթ-Թաքֆիր վալ-Հիջրա» կազմակերպությունը, որ, ըստ ՌԴ ԱԴԾ-ի, «գործում է արդեն վեց տարի», դավանում է ոչ այնքան արմատական իսլամականություն, այլ՝ Ռուսաստանից «ազատագրվելու» գաղափարախոսություն։

Ամեն դեպքում, կարծես, իրողություն է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում լրջագույն խնդիրներ ունի։ Այդ իրավիճակը մարտահրավեր է նաև Հարավային Կովկասի երկրների համար։