ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է գնահատել, բայց պարզաբանել է, որ Բաքվի հետ հարաբերություններում Մոսկվան «պրագմատիկ մոտեցում ունի»։
Ասվածը կարելի է հասկանալ երկու իմաստով: Ուկրաինայի ապագան Ադրբեջանը չի որոշում, Ալիևի դիրքորոշումը երկրորդական է։ Կամ էլ Մոսկվան Բաքվից ավելի լուրջ ակնկալիքներ ունի և հարաբերությունների սրացման չի գնում։
Ըստ երևույթին, գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Օրերս Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գազային գործարքի բանակցությունները «մտել են ավարտական փուլ»։ Խոսքը Ռուսաստանից Իրան տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակության գազատարի մասին է, որ նախատեսված է անցկացնել Ադրբեջանի տարածքով։
Ռուսաստանը և Իրանը ավելի քան երկու տասնամյակ է՝ քննարկում են նաև «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի» հարցը։ Այս դեպքում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգը երկաթուղային հաղորդակցությամբ կապել Պարսից ծոցի իրանական նավահանգիստներին՝ դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Իրանի դեմ իսրայելա-ադրբեջանական պատերազմի նախօրերին տեղեկություն է հայտնվել, որ Իրանը սկսել է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը։
2024թ․ դեկտեմբերին, ընդունելով ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛ Բրայանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «տարակուսանք է հայտնել», թե Միացյալ Նահանգներն ինչո՞ւ է «դեմ» Ադրբեջան-Իրան ավտոմոբիլային հաղորդակցության համար նախատեսված Աղբենդի կամրջի կառուցմանը։
Այդ կամրջի կառուցումը ավարտված է, հանդիսավոր բացումը պետք է տեղի ունենար ապրիլին, բայց կապված Իրանում և նրա շուրջ իրավիճակի հետ, հետաձգվել է։
Բաց աղբյուրներից հայտնի է, որ Ռուսաստանը Ջեեբրայիլի շրջանում կառուցել է «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն։ Ենթադրվում է, որ Աղբենդի կամուրջը շահագործման հանձնելու դեպքում կծառայի նաև Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումներին։
Աղբենդի կամուրջը հեռանկարում կարող է սպասարկել նաև Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցությունը, եթե Ադրբեջանը և Իրանը «Արաքսի միջանցքի» հարցում գործնական համաձայնության հասնեն։
Ռազմավարական նշանակության երկու՝ Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության և տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ գազատարի կառուցման դիմաց, ինչ խոսք, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը գործնականում «օճառի պղպջակ» է։
Խնդիր է, թե Պարսից ծոցի իրանական նավահանգստային ենթակառուցվածքները հետևողականորեն ոչնչացնող, Թուրքմենստանի տարածքով Իրան – Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը հրթիռակոծող ԱՄՆ-ը կհամաձայնի՞, որ Ադրբեջանը Մոսկվա-Թեհրան «չարիքի առանցքի կապող օղակ դառնա»։

Բաց մի թողեք
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերափոխվի «թուրքական աշխարհի» հակառուսաստանյան համախմբման
Ռուս – թուրքական հարաբերություններն այլևս «եղբայրական» չեն
Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում լրջագույն խնդիրներ ունի