16/07/2026

EU – Armenia

Ռուս – թուրքական հարաբերություններն այլևս «եղբայրական» չեն

Հուլիսի 13-ին Ստամբուլում երկու ռուս զբոսաշրջիկ Սուրբ Սոֆիայի տաճարից բերման է ենթարկվել։ Ըստ տեղեկությունների, նրանք 2020 թվականից կրկին մզկիթի վերածված տաճարում «Աստվածաշունչ են կարդացել»։

Թուրքիայում գործող օրենսդրությամբ դա համարվում է «էթնիկ-կրոնական խմբի նկատմամբ անարգանք»։ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ ՌԴ երկու քաղաքացու «գտնվելու վայրը առայժմ պարզված» չէ։ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից լրատվամիջոցին ասել են, որ բերման ենթարկված քաղաքացիների «ճակատագիրը պարզելու ուղղությամբ համապատասխան գործընթաց է սկսվել»։

Հուլիսի 14-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան անոնսավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Կիև այցը։ Նույն օրը Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլան ֆոն դեր Լայենը։ Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Հուլիսի 14-ին Օդեսայի մոտ ՌԴ անօդաչուները հարվածել են թուրքական բեռնանավի, որի նավապետը և անձնակազմի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ նավապետը սպանվել է, մյուս նավաստիները տեղափոխվել են Օդեսա։

Միջադեպից ժամեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Թուրքիային կոչ է արել «Սև ծովում կիևան վարչախմաբի ահաբեկչություններին համարժեք պատասխան տալ»։

Ուշագրավ է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ՝ հունիսի 17-18-ին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել ոչ միայն պաշտոնակից Լավրովի, այլև հատուկ ծառայությունների ղեկավարներ Բորտնիկովի և Նարիշկինի, ինչպես նաև ԱԽ քարտուղար Շոյգուի հետ։ Ֆիդանին ընդունել է նաև ՌԴ նախագահ Պուտինը։

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Ֆիդանը այցելում է Կիև, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Ուկրաինա-Հարավ-արևելյան Եվրոպա» խորհրդաժողով։ Այդ առթիվ Կիև են ժամանել Սերբիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Մոլդովայի նախագահները և Սլովենիայի վարչապետը։

Ստամբուլում երկու ռուս զբոսաշրջիկների նկատմամբ թուրքական անվտանգության ուժերի կողմից դրսևորված անհանդուրժողականությունը, ինչ խոսք, Թուրքիայի պետական քաղաքականության դրսեւորում է։

Այդուհանդերձ, այն, կարծես, խորհրդանշական է․ Կիևյան Ռուսիան քրիստոնեական մկրտություն ստացել է Բյուզանդիայից, Կոստանդնուպոլսից։ Թուրքիան ռուսաստանցի զբոսաշրջիկներին արգելել է Սուրբ Սոֆիայի տաճարում «Աստվածաշունչ կարդալ»։ Դա, կարծես, դիվանագիտական ակնարկ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «եղբայրական» չեն։