21/07/2026

EU – Armenia

Իրանում Վահիդին է «վերջնական որոշումներ կայացնում», հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ, հենվելով դիտարկման տվյալների վրա, հայտնել են, որ հուլիսի 13-ին Ռուսաստանի «դատաստանի օրվա» ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովոյե» օդանավակայանից թռել է Թեհրան, որտեղ մնացել է մի քանի ժամ, ապա «օդ բարձրացել և ընտրել Չինաստանի ուղղությունը»։

Խոսքը TU 124 PU ինքնաթիռի մասին է, որ ճգնաժամային իրավիճակում կարող է ծառայել որպես հրամանատարական կետ, ինչպես նաև նախատեսված է բարձրաստիճան անձանց ապահովության համար։

Turkiye պարբերականը, հղելով սաուդյան «Ալ -Հադաթ» հեռուստաընկերությանը, տեղեկացրել է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին «գտնվում է երկրի սահմաններից դուրս»։ Սաուդյան լրատվամիջոցը, ընդսմին, վկայակոչել է «իսրայելական և ամերիկյան հետախուզության ունեցած տվյալները»։

Թուրքական լրատվամիջոցը, ընդսմին, այս համատեքստում վկայակոչել է երկու ուշագրավ տեղեկություն։ Իրանի պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին «մինչև պատերազմի ավարտը հանրությանը չի ներկայանա»։

Գրեթե ունիսոն՝ ՏԱՍՍ-ը փոխանցել է «իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի» տեսակետը, որ Ռուսաստանի նախագահ «Նորին գերեզանցություն Պուտինը Իսլամական հանրապետության մեծ բարեկամն» է։

Նա վստահեցրել է, որ Իրանի հոգևոր առաջնորդը «առաջին հեռախոսազրույցը կամ հանդիպումը կանցկացնի» ՌԴ նախագահի հետ։

Չափազանց կարևոր է, որ Ռուսաստանի «դատաստանի օրվա ինքնաթիռը Թեհրանում վայրէջք է կատարել» Իրանի դեմ ԱՄՆ զանգվածային հարվածների մեկնարկի նախօրեին։ Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Ռուսաստանը Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիին «Թեհրանից տարհանել է Չինաստան կամ՝ Մոսկվա»։

Մոջթաբա Խամենեին չի մասնակցել հոր՝ այաթոլլա Սեիդ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը։ Փոխարենը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Վահիդին պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ այդ օրը ներկայացել է հանրությանը։

Ըստ սաուդյան հեռուստաընկերության, Իրանում հենց նա է «վերջնական որոշումներ կայացնում»։