Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը «մեկնել» է Միացյալ Նահանգներ։ Ապրիլին ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մաջյարը, որ գլխավորում է կառավարությունը, ակնարկել է, որ նա «այլևս Հունգարիա չի վերադառնա»։
Օրբանը Բուդապեշտից հեռացել է մեկ օր առաջ՝ մինչ նախագահ Շույոկան կստորագրեր սահմանադրական փոփոխությունների օրենքը, որ նրա իսկ պաշտոնանկության մասին է։
Հունգարիայի նորընտիր վարչապետ Մաջյարը ձեռնամուխ է եղել Օրբանի ստեղծած «կոռումպացված համակարգի ապամոնտաժմանը»։ Խորհրդարանում նոր նախագահի ընտրությունից հետո սպասվում են իրավապահ և դատական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների պաշտոնանկությունները։
Ամենաուշագրավը, թերևս, Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլոս Ռուզին-Սենդիի հայտարարություն է, որ նա արել է հուլիսի 15-ին․ «Մենք Ռուսաստանի առջև դուռը փակել ենք, որպեսզի վերականգնենք ՆԱՏՕ-ում դաշնակիցների վստահությունը»։
Հունգարացի պաշտոնյան հավելյալ մանրամասնություններ չի հնչեցրել, միայն պարզաբանել է, որ ռուսական հետախուզությունը «փորձում էր ներթափանցել հետնամուտքով»։ Ավելի վաղ մամուլը գրել է Հունգարիայի նախկին արտգործնախարար Սիարտոյի կողմից ՌԴ պաշտոնակից Լավրովին «խորհրդապահական տեղեկատվություն փոխանցելու» մասին՝ կապված Եվրահանձնաժողովում Ռուսաստանի վերաբերյալ քննարկումների հետ։
Անցած շաբաթվա քաղաքական սենսացիան, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն է այն մասին, որ Միացյալ Նահանգների «թշնամիները, այդ թվում՝ առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական խմբավորումները, հնարավորություն ունեն, որպեսզի ԱՄՆ ընտրական ենթակառուցվածքները հեղինակազրկեն»։
Նախագահության առաջին շրջանում և պաշտոնը վերստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը առաջին անգամ Ռուսաստանին Միացյալ Նահանգների «թշնամի» է անվանել։ Ընդ որում, նա այդ հայտարարությունը արել է ԱՄՆ ժողովրդին հղած պաշտոնական ուղերձում։
Ավելին, Թրամփը ամերիկյան օրենսդիրներին հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում ներառնել նաև Իրանին։ Փաստացի նա Ռուսաստանի և Իրանի միջև հավասարության նշան է դրել։
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում Թրամփը Վիկտոր Օրբանին հրապարակային աջակցություն է հայտնել։ Երեք ամիս հետո պաշտոնական Բուդապեշտը Ռուսաստանի առջև «դուռը փակել» է։
Թրամփի ձևակերպմամբ՝ Ռուսաստանը «Միացյալ Նահանգների թշնամին» է։ Եթե Պետեր Մաջյարի կանխատեսումը իրատեսական է, ապա Արգենտինա-Իսպանի խաղը դիտելուց հետո Վիկտոր Օրբանը կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»։

Բաց մի թողեք
Ո՞վ է Էնդի Բըրնհեմը։ Սթարմերի իրավահաջորդը և Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը վերջին 10 տարվա ընթացքում
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
«Մորթյա հրթիռ». Բելգիական հովվաշան վերելքը ոստիկանության և զինվորականների համար