30/07/2026

EU – Armenia

Ի վերջո որքան աջակցություն են տրամադրելու ձկնաբուծարաններին

Հայաստանի կառավարությունը նախատեսում է պետական աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գործող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին՝ ձկան կերի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հատկացնել շուրջ 450 մլն դրամ։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծով՝ տնտեսվարողներին կփոխհատուցվի 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի մեկ ամսվա միջին փաստացի արժեքի 20 տոկոսը։

Ներկայացնելով նախագիծը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հաշվարկներում որպես հիմք ընդունվել է մեկ կիլոգրամ ձկան կերի համար 900 դրամ արժեքը։ Նրա խոսքով՝ աջակցության անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուսաստանի կողմից ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով ոլորտում առաջացած ֆինանսական դժվարություններով։

Նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է նվազեցնել տնտեսվարողների ինքնարժեքը, բարձրացնել արտադրանքի մրցունակությունը և օգնել նրանց ընդլայնել իրացման հնարավորությունները, այդ թվում՝ արտաքին շուկաներում։

Փոխհատուցում կտրամադրվի այն ընկերություններին, որոնք ձեռք կբերեն համապատասխան սերտիֆիկացում ունեցող կեր՝ ԵՄ և ԵԱՏՄ չափանիշներին համապատասխան։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 24 հազար տոննա ապրանքային ձուկ, որի ավելի քան 40 տոկոսը արտահանվում է հիմնականում Ռուսաստան։ Միաժամանակ հանրապետությունում տարեկան օգտագործվում է շուրջ 30 հազար տոննա ձկան կեր, որի միջին արժեքը կազմում է մոտ 900 դրամ մեկ կիլոգրամի դիմաց։

Հաշվարկների համաձայն՝ ձկան կերի տարեկան ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 27 մլրդ դրամ, իսկ ամսական ծախսը՝ շուրջ 2,25 մլրդ դրամ։ Այս ցուցանիշների հիման վրա էլ մեկ ամսվա աջակցության չափը գնահատվել է մոտ 450 մլն դրամ։