Պաշտոնական Թեհրանը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև օգոստոսի 7-ին ստորագրված «Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը» Իրանի դեմ «սպառնալիք չի դիտարկում»։
Այդ մասին, ինչպես տեղեկացրել է Mehr-ը, հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ Դիվանագետի խոսքերով՝ Իրանը «երեք երկրների հետ ունի կրոնական, պատմական և մշակութային խոր հարաբերություններ, ուստի հիմքեր չկան ասելու, թե Համաձայնագիրը ուղղված է Թեհրանի դեմ»։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ «Մեքքայի համաձայնագրի» ստորագրումը արտահայտում է տարածաշրջանի երկրների «ընկալումը, որ անվտանգության հարցերում չի կարելի լիովին ապավինել ԱՄՆ երաշխիքներին», ինչը վկայում է, որ «տարածաշրջանի երկրները ձգտում են ամրապնդել հավաքական պաշտպանության սեփական մեխանիզմները և հենվել ամենից առաջ իրենց հնարավորությունների վրա»։
«Մեքքայի համաձայնագրի» կողմերից երկուսը՝ Պակիստանը և Թուրքիան, իրանա-ամերիկյան զինված հակամարտության միջնորդ երկրներ են։ Փաստացի ԱՄՆ անվտանգության երաշխիքները «չեն գործել» Սաուդյան Արաբիայի նկատմամբ, որի տարածքում ամերիկյան հենակայանները Իրանի կողմից ենթարկվել են հրթիռային և դրոնային հարձակումների։
«Մեքքայի համաձայնագրի» նկատմամբ Թեհրանի ընկալունակությունը, երևի, պետք է բացատրել երկու հանգամանքով։ Նախ, այն ուղղված է Իսրայելի տարածաշրջանային հավակնությունները զսպելուն, ինչը, բնականաբար, համապատասխանում է Իրանի շահերին։ Երկրորդ, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում և Պակիստանում կան շիադավան ազդեցիկ համայնքներ, և Անկարան ու Իսլամաբադը հազիվ թե «հարկ եղած դեպքում» Իրանի դեմ ռազմական ուղղակի ուժ կիրառեն։
Տպավորություն է, որ Թեհրանը նաև «երաշխքների է ստացել», որ այդ դաշինքին Ադրբեջանը չի միանա։ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև փոխանակված «սիրալիրությունները», հավանաբար, դա են արձանագրում։
Առկա իրավիճակում, թվում է, ուժերի նոր հավասարակշռությունը Մերձավոր Արևելքի համար «հռչակագրային նշանակություն ունի»։ Բայց մի բան է դիվանագիտական հայտարարությունը, բոլորովին այլ՝ անվտանգային իրական քաղաքականությունը։
Այս առումով Հարավային Կովկասի և, մանավանդ, Հայաստանի շուրջ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող «անհետևանք լինել»։

Բաց մի թողեք
ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը»
Ադրբեջանում աշակերտներին խաղաղության չեն պատրաստում․ Տաթևիկ Հայրապետյան
Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին