11/08/2026

EU – Armenia

Մոսկվան Անկարայի միջոցով Արևմուտքին զգուշացրել է «միջուկային ապոկալիպսիսի» մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը բացահայտել է, որ Մոսկվա այցի ընթացքում իրեն հասկանալ են տվել, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում «պատրաստ է գործի դնել ունեցած վերջին հնարավորությունները», և Անկարան «այդ մասին արևմտյան գործընկերներին տեղեկացրել» է։

Որքան էլ թուրք դիվանագետը փորձել է «ամենանուրբ» ձևակերպում ընտրել, ասվածից պարզորոշ հետևում է, որ Ռուսաստանը Թուրքիայի միջոցով արեւմտյան երկներին զգուշացրել է, որ ուկրաինական ռազմաճակատում իր համար «կրիտիկական իրավիճակի դեպքում միջուկային զենք կօգտագործի»։

Հուլիսի 18-ին ՌԴ նախագահ Պուտինը Թուրքիայի արտգործնախարարին ընդունել է Կազանում և, ամենայն հավանականությամբ, հենց այդ հանդիպումից էլ Ֆիդանը «հասկացել» է, որ նա «պատրաստ է գործի դնել վերջին հնարավորությունները»։

Ֆիդանի Մոսկվա այցից մոտ երեք շաբաթ հետո Անկարան հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան արևմտյան գործընկերներին այդ ձևաչափում է ներկայացրել ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությունը։

Այս առումով կարևոր է, որ այդ մասին Անկարան «բացահայտում է արել» Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ «Մեքքայի համաձայնագրի» ստորագրումից հետո։ Պակիստանը փաստացի միջուկային երկիր է, և Թուրքիան, կարծես, «ապոկալիպսիսի» դեպքում ապահովագրվում է Իսլամաբադի հետ «միասնական պաշտպանության» պայմանագրով։

ՌԻԱ Նովոստին, հղելով դիվանագիտական աղբյուրների, նախօրեին գրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա»։ Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, նա կայցելի Կիև։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը անցյալ շաբաթ «ռազմաճակատի սառեցումը անընդունելի» է գնահատել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 10-ին հայտարարել է, որ Ռուսաստանը «կհասնի առաջադրված բոլոր նպատակներին»։

Այս իրավիճակում ԱՄՆ նախագահ Թրամփը ևս մեկ անգամ միջնորդություն կնախաձեռնի՞։ Անցյալ շաբաթավերջին ԱՄՆ Սենատը ՌԴ դեմ «դժոխային պատժամիջոցներ սահմանող» օրինագծին հավանություն է տվել։ Մոսկվան, անկասկած, ամերիկյան օրենսդիրների այդ քայլը «ոչ բարեկամական» է գնահատել։