Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ։
Վարդանյանի այն հայտարարությունից հետո, թե իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է «Փաշազադեի ու Ալիևի» պահանջներով, ՔՊ խմբակցության պատգամավորները սկսել են տեղից արձագանքել։
Ի պատասխան՝ Վարդանյանը ասել է․ «Ամոթը Ալիևի ու Փաշազադեի պահանջներն իրականացնելն է»։
ԱԺ նիստում Սահմանադրության փոփոխության թեմային անդրադարձել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ իշխանության դիրքորոշումը կապելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ։
Վարդանյանը նշել է, որ 2021 թվականին Ալիևը խոսել է Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։
«Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանության գործողությունները փաստացի համընկնում են Ադրբեջանի նախագահի առաջադրած պահանջների հետ։
«Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը»,- հայտարարել է Վարդանյանը։
Քննադատությանը արձագանքել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է, որ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին և հուլիսին։

Բաց մի թողեք
Ուղիղ․ Ակցիա` ի պաշտպանության Ավետիք Չալաբյանի. Տեսանյութ
Հարվածներ ու ծափեր. Ինչ է կատարվում ԱԺ-ում․ 26 պատգամավոր է միացել դիմումին. Տեսանյութ
ՀՅԴ ՀԵՄ բանակումը՝ «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո. Լուսանկարներ