Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև «պաշտպանական պակտի» ստորագրումից անցել է մեկ շաբաթ, բայց Ռուսաստանից դեռևս պաշտոնական արձագանք չկա։ Այդ թեմային չի անդրադառնում նաև ռուսաստանյան մամուլը։
«Մեքքայի համաձայնագրի» բուն իմաստը ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի ուղղակի պատճենումն է, կողմերից մեկի դեմ հարձակումը ճանաչվում է ագրեսիա բոլորի դեմ։ Այդ փաստաթուղթը հրապարակված չէ, և փորձագետների մեծ մասը դժվարանում է կողմնորոշվել, թե «մեկի հարձակման ենթարկվելու դեպքում մյուսները ի՞նչ մեխանիզմներով են հակազդելու բոլորի դեմ ագրեսիային»։
Դա, սակայն, աշխարհաքաղաքականության համատեքստում էական չէ։ Կարևոր է, որ Թուրքիայի նախագահը հրապարակայնացրել է «ամբողջ տարածաշրջանը անվտանգային ընդհանուր համակարգում ներառնելու» նպատակադրվածություն։
Եթե դիտարկենք Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի աշխարհագրական տարածքը, ապա պարզ կլինի, որ խոսքը Սև ծով-Պարսից ծոց- Հնդկական օվկիանոս հիպերտարածաշրջանի «պաշտպանական ինտեգրացիայի» մասին է, ինչը չի կարող չշոշափել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը։
Մանավանդ որ Մոսկվան առաջնորդվում է Գլոբալ հարավի հետ սերտ համագործակցությամբ հավաքական Արևմուտքին դիմակայելու ռազմավարությամբ։
«Մեքքայի համաձայնագրի» իմաստով Պակիստանը կարող է ներկայություն ունենալ Սև ծովում, իսկ Թուրքիան՝ Պարսից ծոցում և Հնդկական օվկիանոսում։ Այդ երեք «կետերն» էլ Ռուսաստանի համար կարևորագույն նշանակություն ունեն, ինչպես նաև՝ Աֆրիկայի հյուսիսը, որտեղ վերջին մեկուկես տասնամյակում Թուրքիան ռազմա-տնտեսական շոշափելի ազդեցություն է հաստատել։
Հուլիսի 7-8-ին Անկարան հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դրանից մոտ տասը օր հետո Հաքան Ֆիդանը հրապարակայնացրել է, որ Թուրքիան Սև ծովում հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության ապահովման պարտավորություն է ստանձնել։
Խոսքը, իհարկե, ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաքելության մասին է, բայց դրանից էականորեն ոչինչ չի փոխվում, Սև ծովում Թուրքիայի առանձնահատուկ դերակատարությունը ուղղված է Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։
Այս համատեքստում պետք է ընդգծել Սիրիայի Տարտուս նավահանգստի կարգավիճակի փոփոխությունը։ Մոտակա երեք ամիսների ընթացքում այն կդադարի ռուսաստանյան ռազմահենակայան լինել։
Ռուսաստանը Սիրիայում կորցնում է նաև Հմեյմիմ օդանավակայանը։ Սիրիայի անցումային իշխանությունները գործում են Անկարայի ուղղակի վերահսկման ներքո։ Ակնհայտ է, որ Թուրքիան Ռուսաստանին Մերձավոր Արևելքից արտամղելու միջոցով արգելափակում է Գլոբալ հարավի հետ նրա ռազմավարական համագործակցությունը։
Եվ դա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական «բարդ օպերացիա» անցկացնելու և այդ հարցում «քաղաքական սիներգիայի» հասնելու հետևանքով։ Սա «ճակատագրի հեգնա՞նք» է, թե՞ «ավելի խորքային հաշվարկից առերևույթ շեղում»։

Բաց մի թողեք
Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունը
ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն
Անտանելի է, երբ այսքանից հետո, անիմաստ ու պարտվողական վայրեջքը դառնում է ավելի նախընտրելի, քան իմաստավորված վերելքը․ Սենոր Հասրաթյան