30/09/2026

EU – Armenia

Հայաստանից քանի՞ համալսարան է ներառվել աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում

Times Higher Education-ը հրապարակել է World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշը, որում Հայաստանից ընդգրկվել է մեկ բուհ՝ Երևանի պետական համալսարանը։ Այն ներառված է 2001+ հորիզոնականում։

Ընդհանուր առմամբ` վարկանիշում ներառվել է 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։
Վարկանիշը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը՝ 97,9 միավորով։

Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT)՝ 97,8 միավորով, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները 97-ական միավորով զբաղեցնում են ԱՄՆ-ի Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College London), ինչպես նաև Կալիֆոռնիայի Բերկլիի և Եյլի համալսարանները։

THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։

Հայաստանի հարևան երկրներից վարկանիշում ամենաշատ բուհեր ունի Թուրքիան՝ 142 համալսարան։ Դրանցից առաջինները սկսվում են 326-րդ հորիզոնականից և հասնում մինչև 2001+ հորիզոնական։

Իրանից ընդգրկվել է 89 բուհ՝ 401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։

Ադրբեջանը ներկայացված է 14 բուհով՝ 701–ից մինչև 2001+ հորիզոնականներում, իսկ Վրաստանը՝ 8 բուհով՝ 1401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։