26/08/2026

EU – Armenia

Խոշոր ավտովթար․ բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ կա 11 վիրավոր. Լուսանկար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասը՝ «Սևան» բժշկական կենտրոն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով մարդատար «Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Blog Image