28/08/2026

EU – Armenia

ԵՄ հայկական ապրանքների մատակարարման ծավալը նվազագույն է․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է վերակողմնորոշել իր ապրանքների արտահանման հոսքը դեպի Եվրոպական միություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայկական ապրանքների արտահանման հոսքն այլ շուկաներ, մասնավորապես՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,-ասել է Աղասանդյանը։

​Միևնույն ժամանակ, ինչպես նշել է դեպարտամենտի տնօրենը, այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգված աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը։

​«Եվրոպական միությունում նույնպես գործում ենսանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ մերինից ինչ-ինչ բաներով տարբերվող, իսկ Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, դեռևս նվազագույն է»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք` «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։