28/08/2026

EU – Armenia

Դիլիջանի կենտրոնում, շենքի տակ աղբանոց է

Դիլիջանի բնակչուհի Նաիրա Ամիրխանյանը նկարահանել եւ Տիկ-Տոկում տեղադրել է տուրիստական քաղաքի կենտրոնում, Դիլիջանի ամֆիթատրոնի դիմաց հին շենքի տակ առկա աղբանոցի մասին տեսանյութ։

Այդ շենքը, աղբանոցը Դիլիջանի համայնքապետարանի վարչական շենքից, համայնքապետի նստավայրից ընդամենը մոտ 200 մետր են հեռու, նույն փողոցում են։ Բնակչուհին ասում է, որ գոնե մետաղյա ցանցով պետք է փակել հին, 300 տարեկան շենքի նկուղը, որ այնտեղ աղբ չլցնեն։

Հավելեմ, որ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը նախկինում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել տեսանյութի հեղինակ Նաիրա Ամիրխանյանի դեմ, որով դատարանից խնդրել է՝ Ամիրխանյանին պարտավորեցնել՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, վիրավորանքի եւ զրպարտության համար, հօգուտ իրեն, նրանից բռնագանձել 9 միլիոն դրամ։

Հայցը դատարանի վարույթ է ընդունվել։ Հայցադիմումի պատճառը, հավանաբար, Տիկ-Տոկում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի վերաբերյալ Նաիրա Ամիրխանյանի արտահայտություններն են։