28/08/2026

EU – Armenia

Ինչ են կարդալու այս տարի․ ինչ փոփոխություններ են սպասվում

Հայաստանում այս ուսումնական տարին նախատեսվում է անցկացնել ընթերցանության խթանմանն ուղղված ծրագրերի ակտիվացմամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ տարին հայտարարվել է ընթերցանության տարի, և դրա շրջանակում ամբողջ տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու երեխաների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։

Նախարարի ներկայացմամբ՝ տարվա յուրաքանչյուր ամիս ունենալու է առանձին գրական ուղղվածություն։ Ուսումնական տարին մեկնարկելու է «Սասնա ծռեր» էպոսով, որից հետո նախատեսվում է անդրադառնալ տարբեր ժանրերի ու գրական ձևերի։

Ծրագրի շրջանակում հոկտեմբերը հատկացվելու է թարգմանական գրականությանը, նոյեմբերը՝ վեպին, իսկ դեկտեմբերը՝ դետեկտիվ ժանրին։ Հունվարին ուշադրության կենտրոնում կլինի դրամատուրգիան, փետրվարին՝ հեքիաթը, մարտին՝ պոեզիան։ Ապրիլը նվիրվելու է մանկական գրականությանը, իսկ մայիսին նախատեսվում է կենտրոնանալ հուշագրությունների, կենսագրական և մոտիվացիոն գրականության վրա։

Անդրեասյանը նաև առանձնացրել է այս տարվա մեկ այլ կարևոր փոփոխություն։ Նրա խոսքով՝ սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմնի գործառույթը ստանձնելու է ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարարի գնահատմամբ՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ավելի հստակ տարանջատել ԿԳՄՍ նախարարության և տարածքային կառավարման մարմինների պարտականությունները։

Այսուհետ դպրոցների բովանդակային կառավարմանն առնչվող հարցերը կգտնվեն ԿԳՄՍ նախարարության պատասխանատվության ներքո, մինչդեռ վարչատնտեսական բնույթի գործընթացներն ամբողջությամբ կկենտրոնացվեն մարզպետների աշխատակազմերում։