29/08/2026

EU – Armenia

Պատժում են ոչ յուրայիններին, բայց նրանց դավաճանողների դեմ էլ են պայքարում

Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նյութեր են նախապատրաստվում ԲՀԿ-ական, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ։

«Հրապարակ» թերթը գրել է․ Այժմ ուսումնասիրվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, արդեն 5 տարի Աբովյան համայնքի ղեկավար Բաբայանի ունեցվածքը` Աբովյան համայնքում գտնվող հողատարածքներ, շինություններ, մեքենաներ։ Հիմա պարզում են, թե ինչ հիմքերով են Աբովյան քաղաքում գործող 2 բանկերի տարածքները պատկանում Բաբայանի ընտանիքին, որը նա տրամադրել է վարձակալությամբ։

ՔՊ-ականները բարկացած են, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն աբովյանցիները վերագրում են Էդուարդ Բաբայանին եւ համայնքային իշխանություններին։ Եվ չնայած Էդուարդ Բաբայանը վաղուց է հեռացել Գագիկ Ծառուկյանից, եւ անգամ թիմում համարում են, որ դավաճանել է նրան, որն իրեն հացի տեր է դարձրել, բայց նրան համարում են Ծառուկյանի հետ փոխկապակցված անձ։

Իշխանություններին կից աշխատող «քաղաքագետ» կոչվածներից մեկը վերջերս անդրադարձել է Բաբայանի առանձնատանը, թե նա քանդել է մանկական զբոսայգին ու այդտեղ տուն կառուցել, ինչից հետո այդ տան թեման էլ է ներգրավվել Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթների շրջանակներում։